
Volkswagen-ը աշխարհի առաջատարն է ավտոմոբիլների վաճառքների ցուցանիշով

Գերմանիայի Volkswagen AG ավտոմոբիլային կոնցեռնը 2016 վականի առաջին եռամսյակում աշխարհի առաջատարն է դարձել ավտոմոբիլների վաճառքների ծավալով՝ առաջ անցնելով Toyota Motor Corp.-ից, որը վերջին չորս տարում գլխավորում էր աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների ցուցակը:
Հունվար-մարտին Toyota-ի գլոբալ վաճառքները կրճատվել են 2,3 տոկոսով՝ մինչեւ 2,46 միլիոն ավտոմեքենա, Bloomberg գործակալությանը հայտնել է Ճապոնիայի ընկերության ներկայացուցիչ Կայո Դոյը:
Համեմատության համար նշենք, որ առաջին եռամսյակում Volkswagen-ի համաշխարհային վաճառքներն աճել են 0,8 տոկոսով՝ մինչեւ 2,5 միլիոն ավտոմոբիլ:
General Motors-ն անցյալ եռամսյակում վաճառքները կրճատել է 2,5 տոկոսով՝ մինչեւ 2,36 միլիոն ավտոմեքենա՝ զբաղեցնելով երրորդ տեղը ավտոմոբիլների իրացման ծավալով:
Փետրվարին Toyota-ն հարկադրված էր Ճապոնիայում մեկ շաբաթով դադարեցնել հավաքման ձեռնարկությունների աշխատանքը Aichi Steel Corp.ընկերության գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով, որը բաղադրիչներ է մատակարարում Toyota-ի ավտոմոբիլների համար:
Այս ամսին Ճապոնիայի ավտոարտադրողի առջեւ ծառացել է նոր խնդիր. Կումամոտոյի պրեֆեկտուրայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերը նրան հարկադրել են կանգնեցնել հավաքման գծերը: Ձեռնարկությունների պարապուրդը կհանգեցնի շուրջ 80 հազար ավտոմոբիլների արտադրության կորստի, նշում են ընկերությունում:
Մինչդեռ Volkswagen-ը, որը գտնվում է «դիզելային սկանդալի» կենտրոնում, հունվար- մարտին Չինաստանում վաճառքներն ավելացրել Է 6,4 տոկոսով, Արեւմտյան Եվրոպայում՝ 3,5 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: