«Ջազը` հանուն համամարդկային արժեքների» համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ բաս-կիթառահար Ռիչարդ Բոնան
«Ես երբեք չեմ խոսում այն բանի մասին, ինչն ինձ դուր չի գալիս: Ես նախընտրում եմ հիշել և նկատել միայն դրական պահերն իմ կյանքում: Ամենից շատ տպավորված եմ ազգային նվագարանների հնչողությամբ: Իմ հաջորդ ալբոմում ընդգրկելու եմ դուդուկը: Ամեն ինչ չէ, որ ես գիտեմ հայկական մշակույթի և պատմության մասին, բայց այն քիչն էլ, որ գիտեմ, բավարար է, որ հայ ազգին համարեմ հզոր ազգ: Հայկական ազգային երաժշտական գործիքներն ինձ շատ բան են պատմում հայ ազգի մասին»,- այսօր կայացած բացօթյա ասուլիսի ժամանակ ասել է ջազի լեգենդ, աշխարհահռչակ բաս-կիթառահար Ռիչարդ Բոնան:
Արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանը, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, ապրիլի 30-ին կնշի Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրի տարածքում կկազմակերպվի բացօթյա համերգ, որին ելույթ կունենան հայտնի հայ ջազմեններ և ջազ-բենդեր: Օրվա միջոցառման, մասնակիցների և ծրագրի մասին՝ այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
«2011 թվականի վերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հայտարարեց՝ որպես Ջազի միջազգային օր, և արդեն 2012 թվականից աշխարհի տարբեր քաղաքներում ու նաև Երևանում կայացան առաջին համերգները: Արդյունքում՝ Երևանն այսօր աշխարհում ունի ջազային քաղաքի համբավ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ջազի սիրահար մեր հանդիսատեսին հաճելի անակնկալ է սպասում: Ի դեպ, համերգային ծրագիրը կրում է «Ջազը՝ հանուն համամարդկային արժեքների» խորագիրը, որն ընտրվել է ոչ պատահական. ջազը՝ որպես երաժշտական առանձին ոճ, ձևավորվելու առաջին իսկ օրից մշտապես խոսում է ազատության, համագործակցության, համերաշխության և խաղաղության լեզվով»,- նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
Ասուլիսի մասնակից «Հայկական ջազի ասոցիացիայի» նախագահ Կամո Մովսեսյանն իր հերթին անդրադառնալով Երևանը միջազգային հարթակներում որպես ջազային քաղաք ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ նշել է, որ ընդամենը վերջերս Երևանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստեղծված հատուկ կայքում, որտեղ ներառված են միայն Ջազի միջազգային օրը նշող քաղաքները: Ասուլիսի ընթացքում Կամո Մովսեսյանը լրագրողների հետ կիսվեց նաև իր երազանքի մասին, այն է՝ մի օր Շուշիում կազմակերպել ջազի միջազգային փառատոն: «Այդ երազանքն իրականացնելու համար ես կանեմ ամեն ինչ»,- նշեց նա: «Մեր առաքելությունն է, որ Ռիչարդ Բոնայի պես հայտնի մարդկանց հրավիրելով մեր երկիր՝ նրանց ներկայացնենք այսօրվա ճշմարտությունը, որն առնչվում է մեր հարևան երկրի հետ: Որպեսզի նա կարողանա իր ընկերներին, իր հանդիսատեսին ներկայացնել այն ճշմարտությունը, իրականությունը, որ կա՝ եթե առիթը ստեղծվի, իհարկե»,- նշում է Կամո Մովսեսյանը:
Ջազի օրվա համերգին մասնակցելու համար այս տարի Երևանում են հյուրընկալվել և հայ ճանաչված ջազմենների հետ նույն բեմում ելույթ կունենան ջազի լեգենդ, աշխարհահռչակ բաս-կիթառահար Ռիչարդ Բոնան և հայտնի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը:
Երևան այցի, հայ ջազմենների հետ համագործակցության մասին հարցերին պատասխանելով՝ Ռիչարդ Բոնան նշել է, որ 2-րդ անգամ լինելով Երևանում՝ շատ է սիրել քաղաքն ու այստեղ տան նման է զգում իրեն:
«Երևանը մշակութային հարուստ քաղաք է, և ուրախ եմ, որ ջազի օրը նշելու ենք միասին: Համերգի ժամանակ սպասվում են անակնկալներ: Կարծում եմ՝ հայ ջազմենների հետ համագործակցությունը միայն այս համերգով չի սահմանափակվի»,- նշել է բաս-կիթառահարը: