«Աղվան Վարդանյանը թող գնա և իրենց կոալիցիոն գործընկերների հետ պայմանավորվի». Արայիկ Հարությունյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ուղերձը պետք է ուղղված լինի բացառապես իշխանական կուսակցություններին:

Հիշեցնենք, որ երեկ Ա. Վարդանյանն առաջարկել է քաղաքական ուժերին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ստորագրել «ջենթլմենական համաձայնագիր», որ ընտրակաշառք չեն բաժանելու:

Ա. Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին 25 տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտրակաշառք և վարչական ռեսուրսի օգտագործում կիրառվում է բացառապես իշխանական ուժերի կամ նրանց մերձ գտնվող քաղաքական մեկ-երկու ուժերի կողմից:

«Ես կարծում եմ, որ շատ լավ կլիներ, որ պարոն Աղվան Վարդանյանն այդ ուղերձը հղեր իրենց կոալիցիոն գործընկերոջը, և ոչ թե՝ քաղաքական դաշտում գտնվող ուժերին, որովհետև նրանց գերակշիռ մեծամասնությունը ո՛չ ընտրակաշառք է բաժանում, ո՛չ վարչական ռեսուրս է օգտագործում: Աղվան Վարդանյանի այն ձևակերպումը, թե՝ «եկեք ջենթլմենական պայմանագիր ստորագրենք, որ ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ էլ նրանց թեկնածուներն ընտրակաշառք չբաժանեն և վարչական ռեսուրս չօգտագործեն, բացառապես վերաբերում է իշխանական և մեկ-երկու քաղաքական ուժերին, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագրում» աբսուրդ կհամարեն, եթե մեր ուժը միանա նման հայտարարությանը»,- նշեց Ա. Հարությունյանը:

Նա նկատեց, որ հիմա էլ ՀՀԿ-ականներն ասում են, որ իրենք ո՛չ վարչական ռեսուրս են օգտագործել, ո՛չ էլ ընտրակաշառք են բաժանել: Ա. Հարությունյանի խոսքով՝ իշխանություններն այդ ամենը բացեիբաց չեն անում, ու եթե նրանք հայտարարում են, որ այսուհետ ընտրությունները պետք է արդար անցնեն, չպետք է լինեն կեղծիքներ, և այլն, այստեղ քաղաքական կամքի անհրաժեշտություն կա. «Աղվան Վարդանյանը թող գնա և իրենց կոալիցիոն գործընկերների հետ պայմանավորվի՝ դրսևորելու այդ քաղաքական կամքը: Ո՛չ «Քաղաքացիական պայմանագիրը», ո՛չ էլ քաղաքական դաշտի ուժերի գերակշիռ մեծամասնությունը ո՛չ վարչական ռեսուրս ունի, ո՛չ էլ ընտրակաշառք է բաժանում, որ մի հատ էլ «ջենթլմենական պայմանագրի» միանան»:

Ա. Հարությունյանը նկատեց, որ Աղվան Վարդանյանը նաև խոսում էր այն մասին, որ ընթացիկ պատերազմի ժամանակ զոհվածների առաջ «մենք պարտավորություն ունենք և չպետք է այլևս թույլ տանք նման ընտրախախտումներ և ընտրությունների կեղծում», բայց, ըստ մեր զրուցակցի՝ Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՅԴ-ի կոալիցիոն գործընկերների համար դրանք զուտ խոսքեր են, և գործնականում նրանք շարունակում են համատարած ընտրակաշառք բաժանելը և ընտրախախտում իրականացնելը. «Այսինքն՝ այստեղ անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՅԴ-ն ընտրախախտումները կանխելու պայմանավորվածություն ձեռք բերի իրենց կոալիցիոն գործընկերոջ հետ»:

Տեսանյութեր

Լրահոս