Հովհաննես Մարգարյանը դեմ չէ ջենթլմենական համաձայնագրին
«Ես դեմ չեմ այդ բարի մղմանը, բայց ոչ թե տղամարդավարի պետք է փաստաթուղթ ստորագրենք ու տեր կանգնենք դրան, այլ քրեական պատասխանատվություն պետք է սահմանենք և կիրառենք: Օրենքով պետք է այդ ամեն ինչի դեմն առնենք»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` արձագանքելով երեկ ԱԺ նիստում ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի առաջարկին` ընտրակեղծիքների չդիմելու վերաբերյալ ջենթլմենական համաձայնագիր կնքելու մասին:
Ըստ նրա, Ընտրական օրենսգիրքն ուսումնասիրելու դեպքում, խորը կհիասթափվենք, թե ինչ է ընդունվել երեկ ԱԺ-ում: Հ.Մարգարյանը նշեց, որ կեղծարարները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն. «Ի՞նչ է, քվեատուփը գողանում ես, որ տանես հետը նկարվե՞ս»: Նրա խոսքով` գրանցամատյանները կարևորագույն փաստաթղթերից մեկն են, դրանում արձնագրվում են բոլոր բողոքները և այլն, բայց եթե չեն լրացնում գրանցամատյանները, 200 հազար դրամ տուգանք է, եթե պարկը չկնքեն, միայն 300 հազար կտուգանվեն:
«Նախ պետք է օրենքով կարգավորել, հետո զուգահեռ պատրաստ ենք»,- հավելեց ՕԵԿ պատգամավորը: