Սիրիական բանակը ռուսական ավիացիայի օգնությամբ նոր հարձակում է նախապատրաստում Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ
Սիրիական կառավարական բանակը ռուսական ավիացիայի օգնությամբ հարձակում է նախապատրաստում Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ, հայտնել է ՄԱԿ-ում և Ժնևի մի շարք այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
Ինչպես նշել է Բորոդավկինը, Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը չի տարածվում ծայրահեղական ԴԱԻՇ ու «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումների վրա, որոնց դեմ իրականացվում են ռազմական գործողություններ:
Նախօրեին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան դիմել էր Ռուսաստանին և ԱՄՆ-ին՝ կոչ անելով փրկել սիրիական հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները:
Նրա խոսքով՝ փետրվարից Սիրիայում գործող կրակի դադարեցման ռեժիմը «հազիվ է գոյատևում»: Դե Միստուրան ենթադրում է, որ զինադադարը կարող է «չեղյալ հայտարարվել ցանկացած պահի»:
Մոսկվայի կարծիքով՝ անհաջող բանակցային գործընթացի պատասխանատվությունը կրում է սիրիական ընդդիմությունը, քանի որ այն շարունակում է պահանջել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: