ԱՄՆ-ի հայ համայնքի հակահարվածը Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական գովազդներին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան մոտ սովորաբար Թուրքիան ցեղասպանությունը ժխտող և հակահայկական հաղորդագրություններ, պաստառներ և գովազդներ է տարածում աշխարհով մեկ: Այս տարին նույնպես բացառություն չէր:

Ապրիլի 21-ին ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին Մանհեթենի երկնքում օդանավերի գրած Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդների, ինչպես նաև՝ Թուրքիան գովաբանող բառերի մասին, ինչպես օրինակ հետևյալ գրությունները. «Որքան երջանիկ է մարդը, ով կարող է իրեն թուրք կոչել», «Թուրքիան և ճշմարտությունը հավասարազոր են»։

Նյու Ջըրզիում բնակվող Արիաննա Մեսրոպյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչ զգացողություն է ունեցել, երբ նկատել է երկնքում հայտնված գրությունները:

«Ընկերներով նստած էինք դրսում և երկնքում հայտնվեցին «Great Alley Turkey» (Հիանալի աջակից Թուրքիա) բառերը: Անմիջապես չհասկացանք, թե ինչ էր կատարվում, սակայն մի քանի ակնթարթից արդեն ամեն ինչ պարզ էր: Հետո մայրիկիս կանչեցի ու ցույց տվեցի գրությունը: Մի քիչ վախեցած էի երկնքում նման հաղորդագրություն տեսնելիս ։ Ամեն օր չէ, որ նման բաներ եմ տեսնում երկնքում գրված: Այնուհետև պտտվեցի և սկսեցի ընկերներիս բացատրել գրությունների իմաստն ու նպատակը, որպեսզի չստանային սխալ տպավորություն»:

Անշուշտ Միացյալ Նահանգների հայ համայնքը և կազմակերպությունները ինչպես նաև Արիաննայի պես շատ հայ երիտասարդներ անմիջապես արձագանքել են ապատեղեկացնող գրառումներին: «Գայքո» գովազդ տարածող ինքնաթիռների ընկերությանը ուղղվել են բողոքի հազարավոր նամակներ և զանգեր, ինչից հետո ընկերությունը իր կայքում ներողություն էր խնդրել հայերից, գովազդային նախադասությունների բովանդակությանը բավականին ուշադրություն չդարձնելու և դրանք երկնքում գրելու համար:

Արիաննան ասում է, որ իր կարծիքով «Գայքո» ընկերությունը ներողություն է խնդրել հսկայածավալ բողոքի հայցերի պատճառով:

«Չեմ կարծում, որ ընկերությունը կարող է ուղղել սխալը, սակայն շատ կարևոր է, որ ներողություն են խնդրել:»

Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցկացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյի ժամանակ Ցեզասպանությունը ժխտող մեկ այլ գովազդի է անդրադարձել կոնգրեսական Աննա Էշուն:

«Երբ մեր երկիրը ճիշտ քայլեր չի ձեռնարկում, այն մյուսներին սխալ քայլեր ձեռնարկելու հնարավարություն է ընձեռում: Կարևոր է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն ու նախագահը ճանաչեն այն, քանի որ դա պատմության վրա ճշմարտության դրոշմ կդնի: Սակայն լռության և անգործության հետևանքով աճում են ժխտողական ուժերը: Նախորդ շաբաթ տանը լուրեր նայելիս, ես ինձ հարցրեցի, արդյո՞ք մենք միակ համայնքն ենք, որտեղ նման գովազդ է տարածվել: Առաջին հերթին կարծում եմ, թուրքերը գրաֆիկ ձևավորման ջիղ չունեն, քանի որ այն շատ վատ է պատրաստված: Սակայն սա փակցված էր երկրով մեկ, և սա այն է, ինչին հանգեցնում է ժխտողականությունը: Ես երբեք չեմ հանձնվի, այնքան ժամանակ, որքան Աստված ինձ շունչ կտա, ես կպայքարեմ հանուն ճշմարտության»:

Հայոց ցեղասպանությունը ժխտող մեկ այլ գովազդ էլ տեղադրել էր ամերիկյան հայտնի «Wall Street Journal» օրաթերթը, ինչին անմիջապես արձագանքել էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա իր կայքում հոդված էր տեղադրել դատապարտելով Հայոց ցեղասպանությունը ապատեղեկացնող գովազդը և սոցցանցերի բոլոր իր հաշվեհամարներում գրել էր, թե երբ նման անարդարություն է տեսնում, պարզապես չի կարող լռել:

Հիշեցնենք, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և յուրաքանչյուր տարի հսկայական գումարներ է ծախսում ապատեղեկատվություն տարածելու վրա, ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններն ու համայնքը բավականին արագ կասեցնում են նրանց ջանքերը, և ցույցերի ու այլ միջոցառումների միջոցով ԱՄՆ-ի կառավարությանը քաջալերում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Տեսանյութեր

Լրահոս