Facebook-ը շահույթի գրեթե եռակի աճ է արձանագրել
Facebook ընկերությունը 2016 թվականի առաջին եռամսյակում 195 տոկոսով շահույթի աճ է արձանագրել: Այս մասին, ինչպես նշում է BBC-ն, ասված է ընկերության հաշվետվության մեջ:
Նշված ժամանակահատվածում զուտ շահույթը կազմել է 1,5 մլրդ դոլար՝ 2015թ. 512 մլն դոլարի դիմաց:
Նման աճը բացատրվում է, մասնավորապես, գովազդից եկամուտների ավելացմամբ, որոնք կազմել են 5,2 մլրդ դոլար:
Facebook-ը հասույթը եռամսյակի ընթացքում կազմել է շուրջ 5,4 մլրդ դոլար, ինչը 52 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Խոշորագույն սոցիալական ցանցը նաեւ անցյալ տարվա համեմատությամբ 15 տոկոսով ակտիվ օգտատերերի թվի աճ է արձանագրել: Այդ ցուցանիշը կազմել է 1,65 մլրդ մարդ: