Ինչ է ասել Սերժ Սարգսյանը երեկ Հանրապետականներին. մանրամասնում է Գալուստ Սահակյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների՝ ապրիլի 27-ին կայացած հանդիպմանը քննարկվել են Ազգային ժողովի հետագա աշխատանքները՝ հիմնականում կապված ընդունվելիք Ընտրական օրենսգրքի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Խոսք է գնացել խորհրդարանի աշխատանքի, հետագա գործողությ ունների, նոր անելիքների մասին: Այնպես չէ, որ մենք մեկ հարց ենք քննարկել»,- ասաց Սահակյանը:
ԱԺ նախագահը հերքեց խոսակցությունները, թե հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը նկատողություն է արել որոշ պատգամավորների: «Ոչ մեկն էլ նկատողություն չի ստացել: Դա ոչ թե մարդկանց պատժելու հավաք էր, այլ մեր հետագա անելիքները քննարկելու հանդիպում»,- ասաց նա:
Հարցին, թե այս ընթացքում ՀՀԿ խմբակցությունը բացթողումներ ունեցե՞լ է, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այո, իհարկե, ունեցել ենք բացթողումներ: Բացթողումներից մեկն այն էր, որ երկու ընթերցում անցած օրենքը վերջին ընթերցմամբ չանցավ: Խնդիրը նրանում է, որ օրենքի նախագիծը երկու ընթերցում արդեն անցել էր, և երբեք ոչ մեկը չէր պատկերացնի, որ ընդդիմությունը վերջին պահին կկարողանար միավորվել և չմասնակցել քվեարկությանը: Եթե մի քանի հոգի էլ մասնակցեին, օրենքի նախագիծը կանցներ»,- հավելեց ԱԺ նախագահը:
Նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե իր բացակայությունն է պատճառը, որ ՀՀԿ խմբակցությունը լավ չի աշխատել այս ընթացքում. «Ես չեմ կարծում, որ պատգամավորները լավ չեն աշխատել: Գրեթե բոլորն էլ աշխատում են ավելի լարված»,- նշեց Սահակյանը:
ԱԺ նախագահը նշեց, որ հանդիպման ընթացքում բարձրաստիճան զինվորականնեռրի վերջին պաշտոնանկությունների վերաբերյալ քննարկում չի եղել: Նա նաև հավելեց, որ այս պահին նոր պաշտոնանկությունների մասին խոսակցություն չկա: