«Առաջարկում եմ հետաձգել սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետի երկարաձգումը մեկ տարով». Հովիկ Աբրահամյան
«Մենք Ազգային Ժողով ենք ուղարկել Հարկային օրենսգիրքը, որը ենթադրում է խոշորածավալ փոփոխություններ ոչ միայն մոտեցումներում, այլև իրականացման մեխանիզմներում: Հարկ է, որ բոլոր գերատեսչությունները նկատի ունենան, թե ինչպիսի փոփոխությունների սա կարող է բերել իրոնց ոլորտներում»,- այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ մասնավորապես հաշվի առնելով ծրագրային ապահովման խնդիրները՝ հարկ է օր առաջ մտածել այս խնդիրների մասին: «Մենք նախատեսում ենք Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը 2018թ., և ինձ զեկուցել են, որ ծրագրային ապահովման փոփոխությունները պատրաստ կլինեն միայն 2018թ. շեմին: Խորհրդակցելով Հանրապետության նախագահի հետ և կարևորելով կենսաթոշակային բարեփոխումների սահուն և անխափան ընացքը՝ առաջարկում եմ հետաձգել սոցիալական վճար կատարելու պարադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետի երկարաձգումը մեկ տարով՝ տեղափոխելով այն 2018թ. հուլիսի 1-ին»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը ֆինանսների և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարեց պատրաստել համապատասխան նախագիծ և ներկայացնել կառավարության հաջորդ նիստին: