
Apple-ն առաջին անգամ հայտնել է iPhone-ի վաճառքների ծավալի նվազման մասին

Apple կորպորացիան առաջին անգամ հայտնել է իր հիմնական ապրանքի՝ iPhone-ի վաճառքների ծավալի նվազման մասին, տեղեկացնում է Reuters-ը:
Apple-ը նշել է, որ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում վաճառել է 51,2 միլիոն iPhone, մեկ տարի առաջվա 61,2 միլիոնի համեմատությամբ: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հասույթը գրանցվել է 50,6 միլիարդ դոլարի, մեկ բաժնետոմսի շահույթը՝ 1,9 դոլարի մակարդակում: Այս ցուցանիշները ցածր են ստացվել վերլուծաբանների գնահատումից:
Հաշվետու եռամսյակի արդյունքներով Apple-ի զուտ շահույթը կազմել է 10,5 միլիարդ դոլար:
Ինչպես նշվում է, հանրաճանաչ ապրանքի վաճառքների՝ մի քանի տարի շարունակվող աճից հետո շատ ներդրողներ զգուշանում են, որ iPhone-ի պահանջարկն արդեն բավարարված է:
Չնայած հիմնական ապրանքի վաճառքների ծավալների անկմանը, այս ֆինանսական եռամսյակում ժողովրդականություն էին վայելում Apple-ի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են App Store-ը, Apple Music-ը եւ Apple Pay-ը: Դրանցից եկամուտը կազմել է 6 միլիարդ դոլար, ինչը 20 տոկոսով ավելի է անցյալ տարվա համեմատությամբ: