Բաժիններ՝

18 տարին լրացած բոլոր տղաները պետք է ծառայեն բանակում. Կառավարությունն առաջիկայում նախագիծ կներկայացնի

Կառավարությունն առաջիկայում Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի օրենքի նախագիծ, որով ուսման ընթացքում արական սեռի ներկայացուցիչներին զինծառայության համար տարեկետում չի տրվելու: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հարցին: Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել է, որ 18 տարին լրացած բոլոր արական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում, սակայն խորհրդարանը մեկ տարով հետաձգել է նախագծի քննարկումը, իսկ կառավարությունը չի մերժել նախագիծը, սակայն ասել է, որ դրա համար քաղաքական կոնսենսուսի կարիք կա:

«Ես հիշում եմ ձեր օրենսդրական նախաձեռնությունը, և Դուք շատ ճիշտ նկատեցիք՝ կառավարությունը չի մերժել այդ նախագիծը: Մենք բավականին լուրջ աշխատանք ենք կատարել, և առաջիկայում ձեր գաղափարը լրամշակված տեսքով ներկայացվելու է Խորհրդարան: Բացառությամբ որոշակի դեպքերի՝ մենք այդ լուծումը տալու ենք: Ինչո՞ւ եմ ասում լրամշակված, որովհետև կան որոշակի մասնագիտություններ, որոնք կարևոր են մեր ռազմական արդյունաբերության զարգացման համար, որտեղ մենք պատրաստվում ենք թողնել տարեկետման հնարավորությունը: Բացառությամբ որոշ դեպքերի, մենք տալու ենք այդ լուծումը»,-  նշեց Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը Ռուբիկ Հակոբյանին կոչ արեց զերծ մնալ խորհրդարանում իր ներկայացրած նախագիծը քննարկելուց՝ ընդգծելով, որ կառավարությունը շուտով կներկայացնի իր տարբերակը: «Կարծում եմ, որ մենք կարող ենք ունենալ մեկ միասնական նախագիծ, որով կլուծենք ձեր բարձրացրած մտահոգությունը»,- եզրափակեց Հարությունյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս