Բաժիններ՝

Ինչո՞ւ ԶՈՒ ԳՇ պետը պաշտոնանկ չի արվում

«Մեզ հետ նման քննարկում չի եղել, ես չեմ կարող ինֆորմացիա տալ: Ազատումները միշտ էլ կարող են լինել, կարող է՝ եղել են քննարկումներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով ՊՆ փոխնախարարի և 2 գեներալների պաշտոնանկության մասին:

Հարցերին, թե ինչո՞ւ են միջին օղակներ հեռացվում պաշտոնից, ինչո՞ւ ԶՈՒ ԳՇ պետը չի ազատվում՝ որպես անմիջական պատասխանատու, Վ.Բաղդասարյանը հարցով պատասխանեց. «Ինչո՞ւմ են մեղադրում, որ հաղթանակել ենք, դրա՞ համար են նրան մեղադրում»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չհամաձայնեց, որ հայկական կողմը դիրքեր է կորցրել, որի մասին նաև Սերժ Սարգսյանն է իր հարցազրույցում նշել. «Ես ցավում եմ, որ դուք շատ մոտ չեք կանգնած ամեն ինչին: Եթե դուք լավ ուսումնասիրություններ կատարեք, հասկանալի կլինի և ձեզ համար, և ձեր նման մտածողների համար, որ դրանք կորուստներ չեն: Նմանօրինակ լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ դա հաղթանակ է մեր կողմից, որը մենք նշում ենք, որ դա հաղթանակ է: Այդ հաղթանակը մեր ճիշտ մարտավարության, մեր բանակի մարտունակության, պրոֆեսիոնալ հրամանատարական կազմի արդյունք է»:

Ըստ նրա` ներքին օղակներում հնարավոր են թերացումներ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն և կրեն իրենց պատիժը: Վ.Բաղդասարյանի կարծիքով` պետք է ավելի զգոն լինել: Նա չբացառեց, որ ԶՈՒ պաշտոնանկ արված ղեկավարները նաև պատասխանատվության կենթարկվեն, սակայն նշեց, որ աշխատանքային թերացումներն այլ խնդիր են, քրեական պատասխանատվությունը՝ այլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս