Գառնիկ Իսագուլյանի ակնարկը. քառօրյա պատերազմի օրերին ԼՂՀ նախագահն անընդհատ ռեժիմով կապ է պահպանել նաև Ռոբերտ Քոչարյանի հետ

Ինչպես հայտնի է, քառօրյա պատերազմի օրերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախաձեռնեց և հանդիպեց ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելու սահմանային լարված իրավիճակը, սակայն հանդիպում ՀՀ երկրորդ նախագահի և առաջին նախագահի միջև այդպես էլ տեղի չունեցավ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանից (ով նաև մտերիմ հարաբերությունների մեջ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ) հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ Դուք միշտ կողմ եք եղել, որ երեք նախագահները հանդիպեն, ինչո՞վ եք բացատրում այն, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը չնախաձեռնեց որևէ հանդիպում գործող նախագահի հետ:

Ի պատասխան՝ Գ. Իսագուլյանն ասաց. «Ես չգիտեմ՝ եթե նման հանդիպման առաջարկ լիներ ՀՀ գործող նախագահի կողմից կմերժվե՞ր, թե՞ ոչ, իսկ թե ինչո՞ւ ինքը չնախաձեռնեց, դե լավ, եթե առաջինը նախաձեռնում է, ո՞վ է ասում, որ երկրորդն էլ պարտավոր է այդ նույն նախաձեռնությունը ցուցաբերել: Ես դրա կողմնակիցը եղել եմ, կամ և մնում եմ, ու ասել եմ՝ ցանկացած հարցի պարագայում՝ շատ լավ կլինի, որ ոչ միայն իրենք, այլև ԼՂՀ երկու նախագահները, նաև մեր Վեհափառ հայրապետները միասին նստեն ու շատ հարցեր դարձնեն իրենց քննարկման նյութ»:

Հարցին՝ տեղեկություններ տարածվեցին, որ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը չի համաձայնել հանդիպել Սերժ Սարգսյանին. դա ի՞նչ էր՝ ձեռնո՞ց նետվեց Սերժ Սարգսյանին, Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց.

«Չեմ կարծում՝ որևէ մեկը մյուսին ձեռնոց է նետել. կարող եմ ասել ավելին, համենայն դեպս, ԼՂՀ նախագահի կապը եղել է ՀՀ նախագահի հետ՝ անընդհատ ռեժիմով և ԼՂՀ նախկին նախագահների հետ՝ էլի անընդհատ ռեժիմով, այսինքն՝ այս կապը եղել է, նրանք ամեն ինչից տեղեկացված են եղել, եթե անհրաժեշտություն առաջանար, նաև այլ խնդիրներ կարող էին համատեղել: Կարծում եմ՝ իմ ակնարկը հասկացաք, երբ ես ասում եմ՝ անընդհատ ռեժիմով եղել է նաև կապ ԼՂՀ նախկին նախագահների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս