Բաժիններ՝

«Կան նաև թերություններ, որոնց համար որոշ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ պետք է պատասխան տան». Գառնիկ Իսագուլյանը՝ քառօրյա պատերազմի մասին

«Մեր սահմանները չեն սկսվում Թալիշ-Մատաղիս-Մարտունի-Մարտակերտ կամ հարավային շրջաններից, մեր սահմաններն Աբովյան փողոցում են, Բաղրամյան պողոտայում, Կոմիտասի պողոտայում, Մաշտոցի պողոտայում, մեր զինվորները, չեն մահացել, նրանք անմահացել են, մահացել են նրանք, ովքեր ինչ-որ պարտավորություն ունեին այդ զինվորների առջև ու չեն կատարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա հայտարարեց, որ այս ընթացքում ստիպված է եղել Սիսիան-Գորիս ճանապարհը բազմաթիվ անգամներ հատել՝ Ստեփանակերտ գնալու և գալու համար.
«Սյունիքի դարպասներից մինչև Գորիս ճանապարհը խայտառակ վիճակում է: Ինձ թվում էր, որ «ՃԱՆՇԻՆ»-ի տնօրենը, Տրանսպորտի և կապի նախարարը, վարչապետը, մյուս պետական պաշտոնյաները պետք է վրանները խփած լինեին այդ ճանապարհի կողքերին ու հետևեին, թե ոնց է աշխատանքը տարվում: Այն աշխատանքները, որ տարվում են հիմա, մեկ երկու-շաբաթ չեն կարող ապահովել այդ ճանապարհի անվտանգությունը»:

Խոսելով ՀՀ նախագահի՝ ԼՂՀ կատարած այցի մասին՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ ՀՀ նախագահն իր այցի ընթացքում հիմնական խնդիրն ունեցել է՝ ստանալ ամբողջական ինֆորմացիա տեղի ունեցածի հետ կապված. «Որոշ սխալ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Գեորգի Պետրոսյանը շրխկացրել է դուռը, գեներալ-մայոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ կգնդակահարի, կամ որ Ռուդիկ Հյուսնունցն իբրև համաձայնել է, որ տարածքները զիջեն, իրականության հետ որևէ եզրեր չունեն, նման բան չի եղել: Ոչ մեկը ԼՂՀ-ում չի քննարկել ԱԺ պատգամավորների հետ տարածքներ հանձնելու հարցը, նման հարց անհնար է քննարկել ԼՂՀ-ում: Եղել է բաց ու անկեղծ զրույց, երևի աննախադեպ, որովհետև առաջին անգամն է, որ ՀՀ նախագահը բաց տեքստով ԼՂՀ-ի ԱԺ խմբակցությունների, պատգամավորների հետ անկեղծ զրույց է վարում, որտեղ փորձում է պարզել այն խնդիրները, որոնք նաև իրեն են անհանգստացնում»:

Գ. Իսագուլյանը կարծում է՝ շատ ավելի ճիշտ կլինի, որ կարողանանք առաջարկել, հորդորել, որ բոլոր այն խնդիրներին, որոնց ծանոթացել է ՀՀ նախագահը, դրանց հետ կապված անպայման ՀՀ-ում տեղի ունենան և՛ փոփոխություններ, և՛ հստակ որոշումներ. «Որովհետև այդ հերոսության, քաջության առջև, որ մենք խոնարհում ենք մեր գլուխները, կան նաև թերություններ, որոնց համար որոշ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ պետք է պատասխան տան: Տեղին չէ հիմա խոսել այդ թերությունների մասին՝ բարձրաձայն և հանրության առաջ, դրանք նախ պետք է քննության արժանանան շատ բարձր ատյաններում և ունենան հետևանքներ»:
Գ. Իսագուլյանը, սակայն, չմանրամասնեց՝ կոնկրետ ՞որ պաշտոնյանների կողմից թույլ տրված բացթողումների մասին է խոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս