Բաժիններ՝

«Մենք ղարաբաղաադրբեջանական սահմանում տարածքներ չենք կորցրել, տարածքներ կորցրել ենք Աբովյան պողոտայում, Բաղրամյան պողոտայում, Մաշտոցի պուրակում». Գառնիկ Իսագուլյան

«Հատկապես վերջին երկու ամիսներին ես հիմնականում գտնվել եմ ԼՂՀ-ում, այդ ընթացքում շատ ինտենսիվ շփվել եմ ԼՂՀ-ի գրեթե բոլոր պաշտոնատար անձանց և հատկապես՝ Բակո Սահակյանի հետ. բոլոր այն պնդումներ, որ ԼՂՀ իշխանությունները կամ ՊԲ-ն տեղյակ չեն եղել, որ ցանկացած պահի հնարավոր են տարբեր հարձակումներ, չեն համապատասխանում իրականությանը, դրանց մասին շատ լավ գիտեին ԼՂՀ իշխանությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն զինատեսակները, որոնք Ադրբեջանը ձեռք է բերել, օգտագործել է ադրբեջանաղարաբաղյան սահմանում որոշակի հաջողության հասնելու համար: Գ. Իսագուլյանը նշեց, որ այդ օրերին ԼՂՀ իշխանությունները շատ ինտենսիվորեն են աշխատում, ժամանակ է եղել, որ Բ. Սահակյանը Գ. Իսագուլյանին ընդունել է գիշերվա 2-ին: Նա պատմեց, որ մի անգամ գիշերվա ժամը երեքին հայտնել են, որ հարձակում է եղել, Բ. Սահակյանն անգամ չի սպասել, որ իր ծառայողական մեքենան գա իր հետևից. ոտքով գնացել է նախագահական նստավայր, որտեղ արագ մոբիլիզացրել են ուժերը:

Գ. Իսագուլյանը նաև նշեց, որ հենց ամսի 1-ի լույս 2-ի գիշերը Բ. Սահակյանն ուղղակի հանձնարարականներ է տվել, որ բոլոր կռված ազատամարտիկները (Վիտալի Բալասանյանը, Սամվել Կարապետյանը և այլք) մեկնեն առաջին գիծ ու առաջին օգնությունը ցուցաբերեն նոր նշանակված ղեկավարներին:

«Ես եղել եմ առաջին գծում, պետք էր տեսնել այն հերոսությունները, որ տարել են մեր շարքային զինվորները: Պետք էր ուղղակի տեսնել այդ տղաների աչքերում եղած կրակը: Մենք մեր հաղթանակի համար նախևառաջ պարտական ենք մեր այդ առաջին գծում կանգնած շարքային զինվորներին: Մեր տղաներն ունեին ինձ համար զարմանալի բնավորության գծեր, տեղ կար՝ Ասկերանի ուղղությամբ, երբ զինվորներն ուղղակի մտածում էին, որ խրամատի մոտ հարմար չէ, ու ուղղակի բաց ճակատ էին դուրս գալիս, որն ազերիների համար անսպասելի է»,- նշեց Գ. Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ մենք ղարաբաղաադրբեջանական սահմանում տարածքներ չենք կորցրել, տարածքներ կորցրել ենք Աբովյան պողոտայում, Բաղրամյան պողոտայում, Մաշտոցի պուրակում. «Մենք Ղարաբաղում տարածքներ չենք կորցրել, գուցե եղել են դիրքային փոփոխություներ, բայց որևէ մեկը չի պատրաստվում որևէ տարածք զիջել, հատկապես այն տղաները, որոնք հիմա սահմանում են: Սա պետք է հասկանան նրանք, ովքեր որոշակի պարտավորություններ ունեն ՀՀ-ում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս