Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության նիստին մասնակցելու է 14 երկրի 40 պատվիրակ
Ծաղկաձորում ապրիլի 26-ից 29-ը տեղի կունենա Բարձրագույն վերահսկիչ մարմինների ամենահեղինակավոր միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային Առանցքային Ցուցանիշների հանձնաժողովի 9-րդ նիստը, որին մասնակցելու է 14 երկրի 40 պատվիրակ: Նման բարձր մակարդակի մասնագիտական միջոցառում Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունից:
Հանձնաժողովին անդամակցում է 22 պետություն` Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, Ավստրիա, Բուլղարիա, Չինաստան, Ֆինլանդիա, Հունգարիա, Իտալիա, Ղազախստան, Լիտվա, Պակիստան, Լեհաստան, Սլովակիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Մոլդովա, Բրազիլիա, Զամբիա, ՀԱՀ, Ինդոնեզիա, Մարոկկո, ևս 2-ը` Բելառուսը և Ղրղզստանը` որպես դիտորդ:
Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային Առանցքային Ցուցանիշների հանձնաժողովը հիմնադրվել է 2007թ.: Հանձնաժողովի աշխատանքները միտված են ազգային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգերի բարելավմանը: Ազգային առանցքային ցուցանիշների համակարգի ձևավորումը յուրաքանչյուր երկրի համար կայուն և անվտանգ զարգացման ապահովման կարևոր գործոն է:
Հանձնաժողովի դերը նման ցուցանիշների մշակմանը նպաստելն ու այդ ցուցանիշների ապահովման աուդիտի համակարգի կատարելագործումն է:
Ազգային առանցքային ցուցանիշների աուդիտի համակարգը Բարձրագույն վերահսկիչ մարմիններին թույլ է տալիս իրականացնել ռազմավարական բնույթի աուդիտներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել երկրի ռազմավարական նպատակների իրագործման աստիճանը: Աուդիտի արդյունքները կարող են օգտագործվել նաև երկրի համար կարևոր ռազմավարական ծրագրերի մշակման և իրագործման ընթացքում:
Ներկայումս մոտ 20 երկիր ունի Ազգային առանցքային ցուցանիշների հստակ համակարգ, ինչպես օրինակ Նիդերլանդները, Անգլիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Նորվեգիան, Ճապոնիան:
Ազգային առանցքային ցուցանիշների աուդիտն էապես կարող է օգտակար լինել ՀՀ կառավարության համար` հատկապես ծրագրային բյուջետավորման գործում: Այն ունի նաև կանխարգելիչ նշանակություն: