«Տարածքների զիջման հարց չկա այսօր, որովհետև բանակցություններ չկան». Կիրո Մանոյան
«Զարմանում եմ, երբ զարմանում եք, որ տարածքների մասին խոսվում է, որովհետև 2009 թվականից համանախագահող պետությունների նախագահները 5 անգամ հայտարարել են՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա ինչ քայլեր են իրենք առաջարկում կողմերին, որոնց մեջ կա որոշակի տարածքների վերադարձ, որը Հայաստանը միշտ էլ ասել է, որ ընդունում է՝ որպես բանակցությունների հիմք, ոչ թե՝ բոլոր պայմաններին համաձայն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում տարածքների փոխզիջման մասին խոսակցությունների հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հաստատեց, որ Հայաստանը չի մերժում «Կազանի» փաստաթուղթը:
Նա նշեց, որ դեռ 2006 թվականին, երբ ԼՂՀ Սահմանադրությունն էր մշակվում, Դաշնակցության կառույցն Արցախում փորձեց, որպեսզի այդ Սահմանադրության մեջ ամրագրվեն ԼՂՀ սահմանները.
«Այսինքն՝ 1991 թվականին ԼՂՀ-ն հռչակվել էր ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի միացումով, մենք ասում էինք, որ Ադրբեջանի կողմից գրավված տարածքները ևս պետք է հայտարարվեն՝ որպես ԼՂՀ սահմաններ: ԼՂՀ բոլոր քաղաքական ուժերը, բացի մեզնից, դեմ էին դրան, դրա համար էլ Սահմանադրության մեջ նման բան չամրագրվեց… Բայց երբ բանակցությունները չկան, երեկ արդեն Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ոչինչ էլ չկա զիջելիք: Որոշ քաղաքական շրջանակներ փորձում են ստեղծել մթնոլորտ, ճնշում գործադրել Հայաստանի վրա, բայց իրականում նման հարց գոյություն չունի այսօր, որովհետև բանակցություններ չկան այսօր: Այս միջազգային իրավունքի սկզբունքներին համաձայն ենք, բայց առաջարկված մնացած բոլոր քայլերին, ներառյալ՝ տարածքների վերադարձ, դեմ ենք»: