«Զենքերից չէ, որ մենք զոհեր ենք տվել». Հրանտ Բագրատյան. ԱԺ ուժեր փակ լսումներ են պահանջում

Այսօր մեկնարկել են Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը: Օրակարգի հաստատման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ 20 օր առաջ ավարտված 4-օրյա պատերազմին՝ նշելով, որ դրա հետ կապված լուրջ հարցեր կան:

«Մենք անընդհատ ասում ենք, բողոքում ենք, թե մեր զենքը 80-ական թվականների է, թե ռուսները օգնում են ադրբեջանցիներին: Իհարկե, դա դատապարտելի է, մենք էլ ենք դատապարտում, բայց եկեք ճիշտը հասկանանք՝ այդ զենքերից չէ, որ տվել ենք մենք զոհեր: Չկա այդպիսի ստրատեգիական զենք, որի պատճառով մենք զոհ ենք տվել: Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերային սարք, զոհ ենք տվել, որովհետև հասարակ կապը չկա, այն կապը, որ կար 90-ականներին Ալինկո ռադիոկայանների միջև և մենք լուրջ խնդիրներ ունենք պաշտպանության նախարարության ղեկավարման որակի հետ»,- ասաց Հ.Բագրատյանը:

Նա առաջարկեց պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ քնարկումներ կազմակերպել և տեսնել, թե ինչ է կատարվում բանակում. «Երբ որ շքեղ ավտոմեքենաները, ջիպերը տասնյակներով դրվում են մարդկանց տակ, և հանկարծ հասարակ «Ալիկնկը» չկա, որը կար 25 տարի առաջ, և երեխաները իրար հետ կապվում են բջջային հեռախոսով, որը հիմք է տալիս լրացուցիչ զոհերի: Սա շատ լուրջ թեմա է և առաջարկում ենք հրատապ կարգով սա մտցնել ու քննարկել, հրավիրել այստեղ պաշտպանության նախարարին, տեսնել, թե այն գումարները, որ միշտ ասում ենք չեն բավարարում, դրանք ինչպես են օգտագործվում»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ այս հարց-հայտարարությունն անկեղծ մտահոգություն է նաև նախկին վարչապետի կողմից, բայց նշեց, որ իր համոզմամբ՝ նման նուրբ հարցերը այսպես չեն քննարկվում: Նա հիշեցրեց, որ կազմակերպվել էին փակ քննարկումներ՝ ՊՆ փոխնախարարի մասնակցությամբ, դրվել են ավելի խիստ հարցեր: Այս հարցը դնելը, ըստ Շարմազանովի, չի նպաստում, որ օր առաջ լուծվեն խնդիրները: Նա նշեց, որ չորեքշաբթի օրը պաշտպանության նախարարը գալու է ԱԺ, կարող է նրա և Հ.Բագրատյանի առանձին հանդիպում կազմակերպել իր առանձնասենյակում:

Կարդացեք նաև

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, որ նախկին փակ քննարկումն այնքան էլ արդյունավետ չի եղել, դրանից հետո իրադարձություններ են կատարվել, և անհրաժեշտ է վարչապետի ու անձամբ պաշտպանության նախարարի հետ փակ քննարկում կազմակերպել, և ոչ թե առանձնասենյակում դետատետ հանդիպում:

«Բազմաթիվ հարցեր կան մտահոգիչ, որոնք մենք չենք բարձրաձայնում՝ հաշվի առնելով հարցի նրբությունը, և կան հարցեր, որոնք տիրաժավորման ենթակա չեն»,- ընդգծված տոնայնությամբ ասաց Ն.Զոհրաբյանը:

«Ավելի բարձր տոնով խոսելը Ձեր ո՛չ հմայքն է ավելացնում, ո՛չ էլ Ձեր փաստարկն է ավելի ուժեղացնում: Եթե ցածր տոնով էլ ասեք, ես կլսեմ, կհասկանամ»,- նկատեց Է.Շարմազանովը՝ հավելելով, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ կքննարկեն և կտեղեկացնեն:

Տեսանյութեր

Լրահոս