«Խմբիս համերգները չկրցա տակավին սկսել աշակերտներիս զինվորագրության պատճառով». Կոմիտաս վարդապետի վերջին նամակը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին 168.am-ը հրատարակում է պատմական նշանակության բացառիկ արժեքավոր նամակների ընտրանի՝ գրված հայ ժողովրդի համար եղերական ջարդի տարիներին՝ ականատեսների, Ցեղասպանության մասնակիցների, վերապրածների, հայտնի քաղաքական գործիչների կողմից, թվագրված 1914-19 թթ.:

Այս շարքում ներկայացնում ենք Կոմիտաս վարդապետի վերջին նամակը՝ գրված 1914թ. հոկտեմբերի 26-ին, Պոլիսից, երբ հանճարեղ Վարդապետի միտքն ու զգացմունքները դեռևս աղետից մթագնած չէին: Վերջին նամակում, որ Կոմիտասը գրել է իր սիրելի բարեկամ պարոն Երվանդ Հակոբյանին, խոսում է ստեղծագործական պլանների և այն մասին, որ մտածում է նոր խումբ կազմելու ուղղությամբ:

Կոմիտասի վերջին նամակը

«Հոկտեմբերի 26, 1914թ.

Կարդացեք նաև

Կ. Պոլիս

Սիրելի Բարեկամս, պ. Երվանդ Հակոբյան,

Երևի կասեք՝գնաց, մոռցավ։ Իրոք, բարեկամներիս շարքին մեջ նոր բարեկամներս ևս ընդարձակվեցան։ Ոչ ոքի մոռցածեմ, սակայն ոչ այնքան պարագաները, որքան զբաղումներս կծուլացնեն՝ գրիչս առնելու և նամակներ գրելու ազնիվ բարեկամներիս։ Շատ անգամ նամակ գրելու կնստեմ և յուրաքանչյուր անգամին «Ի՞նչ գրեմ» կհարցնեմ ինքս ինձ և կծուլանամ՝օգուտ քաղելով նամակագրության ժամերեն, զորս կհատկացնեմ աշխատություններիս։

Ժամանակիս վայրագություններեն ըստ կարելվույն հեռու պահելով միտքս ու զգացումներս՝ անդադար կաշխատեմ կարևոր ուսումնասիրություններով։

Խմբիս համերգները չկրցա տակավին սկսել աշակերտներիս զինվորագրության պատճառով, սակայն և այնպես, շաբթուս նոր խումբ կազմակերպելու նախապատրաստություն սկսա։ Հույս ունեմ Զատկական տոներին հասցնեք մէր հնագույն եղանակներով ներշնչված Սուրբ պատարագի արարողությունները, զորս պիտի ուսուցանեմ նոր խմբիս։

Քաղաքապետությունը հիմը դնելու վրա է երաժշտարանի մը, որի պաշտոնյաներեն մին ալ զիս կարգեցին, չմերժեցի, բայց միայն ներդաշնակության դասերն ստանձնեցի, որ ձայնս խնայեմ ու խնամեմ։

Կուղարկեմ լուսանկարներս երկու օրինակ, մեկը քեզի և մյուսը Տեր Վաղինակին համար։ Ուշացան, չէ՞։ Եգիպտոսում պատվիրեցի։

Բոլոր Ֆիլիպպեցոնց հարգալիր ողջույններս։

Ողջունելով սիրալիր Ձեզ և

Շնորհալի Տիկնոջդ՝ մնամ աղոթարար՝

Կոմիտաս վարդապետ»։

Կոմիտաս Վարդապետի վերջին նամակը վերցված է «Պատասխան 100 տարի անց» երկլեզու պատկերագրքից:

Պատրաստեց ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս