Հայկական ծանրամարտի ապագան. հարթակում աղջիկներն են
Օրերս ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականն ունեցավ գերազանց արդյունք: Մեդալային հաշվարկով՝ հայ մարզիկներն առաջատար էին: Տղաների հավաքականը գրավեց 2-րդ հորիզոնականը: Աղջիկների հավաքականը գրանցեց պատմական արդյունք և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի թիմային չեմպիոն; Հավաքականի կազմում փայլուն ելույթ ունեցան Եվրոպայի նորընծա չեմպիոններ Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը: Սակայն նրանց կողքին մրցում էին նաև երիտասարդ ծանրորդուհիներ, առանց որոնց՝ աղջիկների հավաքականի հաղթանակը հնարավոր չէր լինի: Եվրոպայի առաջնության շրջանակներում մրցահարթակ բարձրացան նաև Իզաբելլա Յալյանը, Արփինե Դալալյանը, Աննա Գովելյանը և Սոնա Պողոսյանը:
53 կգ քաշային կարգում հանդես եկող Աննա Գովելյանը 168.am-ի հետ զրույցում պատմել է, որ իրեն այնքան էլ չի բավարարել իր ելույթը, սակայն իր համար կարևորը թիմի համար միավորներ վաստակելն էր: Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության 53 կգ քաշային կանանց պայքարի ընդհանուր հաշվարկում Աննա Գովելյանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Գովելյանը B ենթախմբում առաջին տեղում էր:
Մեզ հետ զրույցում Աննա Գովելյանը խոսել է նաև ծանրամարտիկ դառնալու որոշման և իր նպատակների մասին:
«Սպորտն է ինձ ընտրել, ու միայն հետո ես՝ նրան: Ինձ իմ անձնական մարզիչ Արտաշես Ներսիսյանն է տարել ծանրամարտի: Սկսեցի 2003 թվականից: 2004-ին առաջին անգամ մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը և նվաճեցի փոքր արծաթե մեդալ: Հետագա երեք տարիներին Եվրոպայի առաջնությունից առանց մեդալ չեմ վերադարձել: Սպորտը մարդուն ստիպում է դառնալ ավելի ուշադիր և նվիրված: Յուրաքանչյուր մրցույթից հետո վերլուծում ես մասնակցությունդ, թերություններդ ու հասկանում ես՝ ինչն է պետք փոխել»,- պատմեց նա:
Եվրոպայի առաջնության 75 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Սոնա Պողոսյանը երկամարտի 227 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
«Այս մրցմանը մարզիչները գոհ էին բարձրացրածս կիլոգրամներից, բայց ես՝ այնքան էլ ոչ: Ինձ թվում է՝ ավելիին էի պատրաստ: Մարզիչս՝ Արման Ղազարյանը, վստահ է, որ լավ արդյունքների կհասնեմ: Ես հավատում եմ ու հույս ունեմ, որ մեծահասակների օլիմպիական խաղերին ևս կմասնակցեմ»,- մեզ հետ զրույցում պատմեց Սոնան:
17-ամյա Սոնան միշտ ցանկացել է ինչ-որ սպորտաձևով զբաղվել և իր անձնական մարզիչ Արման Ղազարյանի քրոջ խորհրդով ընտրել է ծանրամարտը:
«Սկզբից մայրս դեմ էր: Կարճ ժամանակահատվածում հաջողության հասա ու հիմա չեմ պատկերացնում օրս առանց մարզումների»,- պատմեց սոնա Պողոսյանը:
Եթե Սոնա Պողոսյանի մայրն արդեն ընդունել է աղջկա որոշումը, ապա 17-ամյա մյուս մարզուհու՝ Արփինե Դալալյանի մայրը մինչև օրս դեմ է աղջկա որոշմանը:
«Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 2011 թվականից: Դա պապիկիս որոշումն էր: Հայրս դեմ չէր, իսկ մայրս մինչև օրս դեմ է»,- մեզ հետ զրույցում խոստովանեց Արփինեն:
Արփինեն այս տարի առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների առաջնությանը, դրա համար էլ լարվածությունը շատ մեծ էր:
«Մեր հիմնական նպատակը թիմային հաշվարկով առաջին տեղ գրավելն էր, և դա ստացվեց: Ես գոհ եմ ինձնից»,- նշեց Արփինե Դալալյանը:
Արփինեն նվիրված է իր մարզաձևին և կյանքի նպատակ է համարում միշտ պատվո հարթակին լինելը;
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Արփինե Դալալյանը, երկամարտի 216 կգ արդյունքով, զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ Արփինեն աչքի էր ընկել նաև նրանով, որ հարթակ էր բարձացել հայկական բանակի շապիկով:
Սիրարփի Աղաբաբյան