
Բան Կի Մունը ափսոսանք է հայտնել, որ հետաձգվել է իր այցը Հայաստան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ապրիլի 23-ին հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Զրույցի ընթացքում Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ափսոսանք է հայտնել, որ չնախատեսված հանգամանքների բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան:
Գլխավոր քարտուղարը, կարևորելով ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը` իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը:
Նախագահ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանի հասարակությունը վաղուց ի վեր սպասում է Գլխավոր քարտուղարի այցին, հույս է հայտնել, որ կհաջողվի նրա այցը իրականացնել փոխադարձաբար համաձայնեցված նոր ժամկետներում: