«Սերգեյ Լավրովի հայտարարությունը շատ կարևոր է». Կիրո Մանոյան

Արցախը պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային կողմ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Արցախն անպայման պետք է բանակցային կողմ դառնա, և պետք է դառնա ոչ թե ինչ-ինչ հարցեր համաձայնեցնելուց հետո, այլ բանակցությունների վերսկսման հենց սկզբից»,- նշեց Մանոյանը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած այցին՝ Մանոյանը կարևորեց այն հանգամանքը, որ Լավրովը հստակ շեշտել է՝ 1994թ. կնքված զինադադարի եռակողմ համաձայնագիրն անժամկետ է և շարունակում է ուժի մեջ մնալ:

«Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, որ հենց Հայաստանն է ապրիլի սկզբին սկսել պատերազմը և չեղյալ է համարել 1994թ. կնքված զինադադարը, իսկ իրենց համար զինադադարի ռեժիմն այն բանավոր համաձայնությունն է, որը կայացել է ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի մասնակցությամբ: Տարբերություն ն այստեղ այն է, որ 1994թ. կնքված զինադադարի համաձայնագիրը եռակողմ է, այսինքն՝ այդ համաձայնագիրը ստորագրել է նաև Արցախը, իսկ զինադադարի վերջին բանավոր համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս առումով Սերգեյ Լավրովի հայտարարությունը շատ կարևոր է»,- հավելեց Մանոյանը:

Կիրո Մանոյանը նկատեց, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը ցույց տվեց նաև, որ իրականությանը չեն համապատասխանում այդ այցին նախորդող ռուսական լրատվամիջոցների հրապարակումները, թե Սերգեյ Լավրովը հակամարտության կարգավորման նոր փաստաթուղթ է ներկայացնելու հայկական կողմին: «Ռուսաստանի արտգործնախարարի այցը ցույց տվեց, որ այդ հրապարակումները իրականության հետ կապ չունեն: Ես չգիտեմ, թե ինչի համար էին նման հրապարակումները: Միգուցե, հայկական կողմի վրա ճնշում գործադրելու փորձեր էին դրանք կամ ինչ-որ մեկը ցանկանում էր ցույց տալ ադրբեջանցիներին, որ փորձում են ճնշել Հայաստանին, սակայն մենք համոզվեցինք, որ իրականում նոր փաստաթուղթ չկա»,- եզրափակեց Մանոյանը:

Տեսանյութեր

Լրահոս