Ինչպես ԱԳՆ-ն փրկեց Լավրովին

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանում ստեղծված լարված մթնոլորտում ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական աղմկահարույց այցը Երևան։

Չնայած հասարակության շրջանում գլուխ բարձրացրած հակառուսական տրամադրություններին, ավանդույթը չխախտելով, հայկական կողմը, մասնավորապես՝ ՀՀ ԱԳ նախարարությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն ու «Ռոսսոտրուդնիչեստվան», Հայաստան ժամանած ռուսական պատվիրակությանն ու լրագրողական համայնքին արքայավայել ընդունելության արժանացրին։ Ամենաուշագրավն այն է, որ այցի կազմակերպիչները փորձեցին ռուսական պատվիրակությունից թաքցնել նույնիսկ այն, ինչ նրանք արդեն վաղուց գիտեին և տեսնում են։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո Հայաստանում Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ դժգոհություններն արտահայտվեցին նաև բարձր մակարդակով, և այդ մասին այս օրերին բազմիցս գրեցին ռուսական ԶԼՄ-ները ևս։

Այնինչ, մեր տեղեկություններով, Ռուսաստանից ժամանած լրագրողներին հատկապես զարմացրել է «Ռոսսոտրուդնիչեստվայի» հայաստանյան ներկայացուցչի պահվածքը։ Վերջինս երեկ առավոտյան, պատասխանելով նախօրեին Հայաստանում անցկացված «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ»-ի մասին ռուս լրագրողների հարցին՝ այն ներկայացրել է՝ որպես ոչ նշանակալի մի ակցիա՝ փոքրաթիվ մարդկանց մասնակցությամբ՝ փորձելով լրագրողներին վստահեցնել, որ Հայաստանում դժգոհ չեն Ռուսաստանի վարած քաղաքականությունից՝ և «հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է»։

Այնուամենայնիվ, այս գործում մրցակցությունից դուրս է ՀՀ ԱԳ նախարարությունը, որն արեց առավելագույնը, որպեսզի Նալբանդյան-Լավրով մամլո ասուլիսի ժամանակ ռուսական պատվիրակության համար տհաճ հարցեր չհնչեն։ Այդպես էլ եղավ, չհնչեցին հայաստանյան հանրությանն ու փորձագիտական հանրությանը հետաքրքրող ամենակարևոր ու սուր հարցերը ԼՂ հակամարտությունում ռուսական դիրքորոշման մասին ապրիլյան ողբերգական իրադարձություններից հետո։ Միայն երեք լրատվամիջոցի տրվեց հարցի հնարավորություն, ընդ որում, միակ տեղին հարցը ԼՂ հակամարտության վերաբերյալ հնչեց «Րիա-նովոստի» գործակալության լրագրողի կողմից, իսկ հայկական մյուս ԶԼՄ-ների հարցերն աչքի ընկան իրենց անդեմությամբ, պարզունակությամբ, իսկ հարց տալու հնարավորության բոլոր այլ դիմումները մերժվեցին։

Քառօրյա պատերազմից հետո վերջապես մամլո ասուլիսով է հանդես գալիս ՀՀ ԱԳ նախարարը՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ, այս լարված մթնոլորտում, և նրանց հարցեր են ուղղվում ԼՂ հակամարտությունում թուրքական դիրքորոշման, Նալբանդյանին ուղղված քննադատությունների, Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումին մասնակցության, սիրիական բանակցությունների մասին։ Ավելին՝ Սերգեյ Լավրովին հարց է ուղղվում, թե ո՞ր կողմն է դեմ եղել Կազանի փաստաթղթին, քանի որ ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ երկու կողմն էլ դեմ են եղել։

Մամլո ասուլիսի արդյունքներից դատելով՝ ընդհանրապես այս հանդիպումը լրագրողների հետ կարելի էր չկազմակերպել, քանի որ ռուսական մամուլն ու ՌԴ ԱԳՆ-ն հասցրել էին բացահայտել այս ասուլիսի ողջ բովանդակությունը՝ Կազանի փաստաթուղթ և 1994-1995թթ. Հրադադարի մասին պայմանագիր։ Հիշեցնենք, որ ապրիլի 21-ի երեկոյան ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել 1994-1995թթ. Հրադադարի մասին պայմանագրի պահպանման կարևորության մասին, իսկ ռուսական առաջատար բոլոր ԶԼՄ-ներն իրենց հոդվածներում հիշեցնում էին Կազանի փաստաթղթի մասին։

Նրանք նշում էին, որ 2011թ. Կազանում՝ այդ ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ, որը նախատեսում էր ազատագրված Ջեբրաիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի, ինչպես նաև՝ մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների վերադարձ Ադրբեջանին, խաղաղապահների տեղակայում և Լաչինի միջանցքի ստեղծում, որը ցամաքային կապ կապահովի Հայաստանի և Արցախի միջև: Բուն Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվելու էր առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ հանրաքվեի միջոցով, այն բանից հետո, երբ կլուծվեր փախստականների խնդիրը։ Այդուամենայնիվ, լրատվամիջոցի փոխանցմամբ, վերջին պահին կողմերին չհաջողվեց համաձայնության գալ այս առաջարկների շուրջ։

Ի պատասխան հարցի, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ի՞նչ քայլերի մասին են պայմանավորվել նախարարներն իրենց հանդիպման ընթացքում, Լավրովը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Եվ, ըստ նրա, 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրի կատարումն ու պահպանումն առաջնահերթություն է։ Ռուս նախարարի որակմամբ, դրանք անժամկետ են, ուստի պետք է պահպանվեն։

«Ներկայումս հարգելով հրադադարի պայմանագրերը՝ պետք է անել հնարավորինը, որպեսզի գործնական հիմքի վրա դրվեն փոխադարձ վստահության, անվտանգության ապահովման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ առաջարկները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ռուսաստանի միջնորդությամբ 2011թ., և որոնց կյանքի կոչման ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ-ն»,- ասաց Լավրովը։

Նաև հավելեց, որ ՌԴ միջնորդությամբ վերջին տարիներին քայլեր են մշակվել՝ վստահության, անվտանգության միջոցներ, մեխանիզմներ։ Ըստ նրա՝ 5 տարի առաջ ԵԱՀԿ-ն ճանապարհային քարտեզ էր պատրաստել, թե ինչպես է պետք շարժվել այդ ուղղությամբ գործնականում։ «Ուստի ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հակամարտության կարգավորման հարցում, պետք է զբաղվի և կենտրոնանա այս հարցի վրա։ Մենք աջակցելու ենք, որպեսզի Բեռլինը գիտակցի իր պատասխանատվությունը»,- ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը, ի պատասխան հարցի, թե ի՞նչ կասի հրապարակումների վերաբերյալ, որ հայաստանյան ու ադրբեջանական կողմերը մերժել են Կազանի փաստաթուղթը, ասաց, որ Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել։ Իր հերթին՝ Նալբանդյանը հաստատեց, որ Ադրբեջանը մերժել է բոլոր առաջարկները՝ լինեն դրանք Կազանո՞ւմ, Սոչիո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, թե՞ տասը տարի առաջ՝ Փարիզում։ Հիշեցնենք, որ վերջին օրերին թե՛ ռուսական «Կոմերսանտը», թե՛ «Իզվեստիան», թե՛ «Նեզավիսիմայա Գազետան» գրել էին Կազանի փաստաթղթի մասին, այն որակելով՝ որպես կարգավորման «Ռուսական ծրագիր», իսկ ապրիլի 21-ի երեկոյան ՌԴ ԱԳ նախարարության կայքէջը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ պետք է պահպանվի 94-95թթ. կնքված Հրադադարի մասին պայմանագիրը։

Ուշագրավ կարելի է համարել նաև Լավրովի հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ «Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք։ Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց։ Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,- ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ասել է Սերժ Սարգսյանը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպմանը, որին ի պատասխան՝ վերջինս նշել է, թե ինքը չի կարող Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն որոշել՝ ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում։ «Ես հասկանում եմ՝ ինչ էիք Դուք ասում, Սե՛րժ Ազատի, իհարկե, այն մասին, որ հիմա դժվար է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Իրավիճակը պետք է փոքր-ինչ հանդարտվի, և մարդիկ պետք է մի փոքր հանգստանանգ Բայց ես կարծում եմ, որ, եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար։ Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը։ Մենք փորձել ենք, փորձում ենք և կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին»,- նշել է Սերգեյ Լավրովը։

Ruben Mehrabyan«168 Ժամի» հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ վերլուծելով այցն ու նախարարների տված ասուլիսը, ասաց, որ հատկապես մամլո ասուլիսը ցույց տվեց, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում ԱԳՆ-ում, որը պարզապես անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց մամուլի նկատմամբ, մյուս կողմից՝ մամուլը դա կուլ տվեց, քանի որ ասուլիսը վերածվեց պիոներների հանդեսի, թե ով ինչի մասին պետք է հարց տա, ընդ որում՝ հարցեր, որոնք որևէ մեկի բացարձակապես չեն հետաքրքրում. «Մի նկարովի, ողորմելի պատկեր, որի գլխավոր ռեժիսորն ԱԳ նախարարությունն էր»։

Ըստ Մեհրաբյանի՝ տեղի ունեցան մի քանի զարգացումներ, որոնք, բարեբախտաբար, չեզոքացրին այն բոլոր վտանգավոր մտահղացումները, որոնք Կրեմլում ի հայտ էին եկել և պետք է «փաթաթվեին ՀՀ-ի պարանոցին»։ «Այդ պլանները, առաջին հերթին, չեզոքացրեց հայ զինվորը, որը թույլ չտվեց, որպեսզի սկզբունքորեն որևէ փոփոխություն տեղի ունենա ստատուս-քվոյում։ Երկրորդ՝ այո, ՀՀ հասարակության միահամուռ մերժումը ցանկացած ստոր գործարքների, որի համար եկել էր Լավրովը, դրանք լինելու բան չէին։ Երրորդ գործոնը՝ խիստ կարևորում եմ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթի քայլը, նա տեղին և ժամանակին հանդիպում ունեցավ Կարասինի հետ՝ քննարկելով Ղարաբաղի հարցը։

Չորրորդ՝ Դավիթ Տոնոյանը հրավիրվեց ՆԱՏՕ, Հայաստանի Պաշտպանության փոխնախարարը բարձրագույն ընդունելության արժանացավ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում՝ հանդիպում ունենալով Ալեքսանդր Վերշբոուի հետ, կարևոր էր նաև Վերշբոուի հայտարարությունը, ինչպես նաև՝ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք, որը և պետք է իրականացնի, եթե կա համապատասխան սպառնալիք։ Սրանք շատ կարևոր գործոններ են, որոնք, փաստորեն, չեզոքացրին Լավրովի այցից ակնկալիքները, որն ուներ Մոսկվան, և որը, անշուշտ, ուներ նաև Բաքուն, քանի որ այսօր Մոսկվան և Բաքուն նույն շահերից են ելնում»,- մեկնաբանեց Ռուբեն Մեհրաբյանը։

Ինչ վերաբերում է Կազանի փաստաթղթին, ապա, Մեհրաբյանի խոսքով, այն արխիվային է։ Ըստ նրա՝ այսօր կա Մինսկի խմբի համաձայնեցրած առաջարկությունների փաթեթ, որով պետք է առաջ շարժվել։ «Կազանի փաստաթուղթը ռեանիմացիայի հնարավորություն չունի»,- ասաց նա։ Վերջինիս կարծիքով՝ այս պահին ռուսական ծրագրերի վտանգը չեզոքացված է, բայց խաղաղապահների տեղակայման ու տարածքների վերադարձի իրագործման վտանգը միշտ լինելու է։

Axas1Բոլորովին այլ կարծիքի է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Նա նշեց, որ 1994-1995թթ. պայմանագրերը միակ պայմանագրերն են, որոնք ստորագրվել են երեք կողմի մասնակցությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի։ «Դա, ըստ էության, միակ առկա փաստաթղթային հիմքն է այսօրվա հրադադարի համար։ Իսկ Կազանի փաստաթուղթն այն փաստաթուղթն է, որին ցանկանում են հասնել, Լավրովը, ըստ էության, ասել է, որ հայկական կողմը դեմ չէ այդ փաստաթղթին, փաստորեն՝ ցույց տալով կարգավորման ճանապարհը 94-95թթ. պայմանագրերից մինչև Կազանի փաստաթուղթ, որը կարծես պետք է վերջնանպատակը լինի ռուսական միջնորդության։ Լավրովի առաջարկները կարծես այդ փաստաթղթի շրջանակներում են»,- նման տեսակետ հայտնեց Ենոքյանը։

Վերջինիս համոզմամբ, եթե ռուսական նախաձեռնությամբ նախագահների հանդիպում կազմակերպվի, ապա կլինի հենց Կազանի փաստաթղթի տրամաբանության ներքո։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների տեղակայման ու տարածքների վերադարձի մտահոգություններին՝ Ենոքյանն ասաց, որ այդ վտանգները չեն չեզոքացվել, քանի որ այդ հարցը չի քննարկվել ասուլիսի ժամանակ։

«Կազանի փաստաթղթում կա խաղաղապահների խնդիրը, և իմ կարծիքով՝ Ռուսաստանի համար դա առաջնահերթ խնդիրն է, որին նա ցանկանում է հասնել այս տարածաշրջանում»,- ասաց Ենոքյանը։

Տեսանյութեր

Լրահոս