«Այս պատերազմը ցույց տվեց երեք բան». Ռուբեն Վարդանյան

Մենք կանգնած ենք լուրջ փոփոխությունների առջև: Առաջին և ամենակարևոր հարցը՝ անկախ Հայաստանի ապագան և հայ ազգի ընդհանուր զարգացման ծրագիրը, որովհետև 21-րդ դարում և´ պետությունը, և´ ազգը դառնում են երկու շատ կարևոր հարցեր, որովհետև մենք՝ որպես ազգ, ապրում ենք տարբեր երկրներում և հաջողված գաղութներ ունենք, դպրոցներ, մարդիկ, որոնցով հպարտանում ենք, բայց միևնույն ժամանակ, 25 տարի է՝ անկախ ենք և նայում ենք՝ ինչ տեսակ Հայաստան ենք կառուցում, ինչ ձևի Հայաստան ենք ուզում կառուցել:

Սա ասել է «Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիր, IdeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ATV հեռուստատեսությամբ հեռարձակվող՝ Մարկ Գրիգորյանի «Տետ ա տետ» հաղորդման ժամանակ՝ խոսելով Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների մասին:

«Վերջին շաբաթվա դեպքերը ցույց են տալիս, չպատասխանելով այդ հարցերին, չանելով ինչ-որ լուրջ փոփոխություններ՝ շատ դժվար է լինելու կառուցել հպարտ Հայաստան և ազգը միացնել իրար»,- ասում է Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ամենակարևոր հարցն այն է, թե ինչ ձևի Հայաստան ենք ուզում կառուցել:

Կարդացեք նաև

«Ապրիլյան պատերազմը մեզ հնարավորություն է տվել, որ բաց խոսենք, այլ տարբերակ չկա: Սև է, պետք է ասենք՝ սև է, սպիտակ է` սպիտակ: Էլ հնարավորություն չունենք «փափուկ» ձևով ինչ-որ բաներ անել…

Եթե լուրջ ենք նայում, առանց կատակի, ինչո՞ւ է կառավարությունը թույլ տալիս, որ ինչ-որ մեկն ավիաընկերություն հիմնի: Դա անվտանգության հարց է, դա բիզնես մոդելի հարց է: Դա շատ փող չի պահանջում, այլ պետք է ասել, որ խաղի օրենքներն այսպիսին են լինելու, աշխատելու ենք այլ դաշտում: Քո հարստությունը որոշվում է ոչ թե նրանով, որքան դու հարստություն ունես, հող ունես, այլ՝ ինչքան խելոք մարդ ունես: Դա է ամենակարևորը: Մենք ունենք հնարավորություն՝ օգտագործել ոչ միայն երկրի, այլև ազգի հարստությունը և ազգի կապը: Մենք՝ որպես ազգ, դա օգտագործել ենք դարերով: Երբ հայ գործարարներն աշխատում էին Սինգապուրում կամ Հոնկոնգում, Ֆրանսիայում, ուրիշ ազգությունները չէին ճամփորդում»,- ասում է բարերարը:

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ այս պատերազմը ցույց տվեց երեք բան: Ամեն ազգ երկու բան է պահում՝ հպարտությունը և վտանգը:

«Այս հնգօրյա պատերազմը ցույց տվեց շատ կարևոր մի բան՝ մեր ուժը, որ մենք հպարտ ենք, որ նման տղերք ունենք, որ կանգնած են սահմանին և պատրաստ են իրենց կյանքը զոհել Հայաստանի ապագայի համար»,- ասում է Ռուբեն Վարդանյանը՝ չցանկանալով խոսել իր որդու մասին, ով, լուրերի համաձայն, ծառայել է Արցախում:

«Դրա մասին եկեք չխոսենք, որովհետև նա առաջին գծում չի եղել: Նա ինքը որոշել ու կամավոր գնացել է: Դա շատ առանձին հարց է կամավորության մասին և պատերազմի ժամանակ էլիտայի երեխաների ծառայության մասին»,- ասում է նա՝ հավելելով, թե այս օրերին մենք զգացինք հպարտություն հայ ազգի ու հայ տղերքի համար, երկրորդ՝ գիտակցեցինք, որ մենք ոչ ոքի պետք չենք, և երրորդ՝ մեր հարցը մենք ենք լուծելու, ոչ ոք չի լուծելու:

«Այդ միասնության հարցը շատ կարևոր է, քանի որ որպես ազգ՝ հասկացել ենք, որ կամ կմիանանք, կամ կփոխենք մեր խելքով և ուժով: Մեր հպարտությունը կարող է դառնալ դժգոհություն, և ես հուսով եմ՝ այս 5-օրյա պատերազմը սառը ցնցուղի պես մեզ տալիս է հնարավորություն, որ միանանք, հասկանանք և որոշում կայացնենք միասին, ոչ թե՝ իրար հակաճառելով, այլ՝ այս շանսը պետք է մինչև վերջ օգտագործենք»,- եզրափակում է խոսքը բարերարը:

 

Տեսանյութեր

Լրահոս