Արտակ Շաբոյանը հայ արտահանողներին հուզող մրցակցային խնդիրները քննարկել է ռուսական ընկերության հետ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ապրիլի 22-ին ընդունել է ռուսական «X5 Retail Group» ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ համագործակցության հարցերով դեպարտամենտի տնօրեն Մանուչար Կուտատելաձեին: Տեղեկացնենք, որ «X5 Retail Group» ընկերությունը ՌԴ-ում գործող մի շարք հայտնի առևտրային ցանցերի (Перекрёсток, Пятерочка, Карусель և այլն ) հիմնադիրն է և տնօրինում է ՌԴ տարածքում գործող ավելի քան 7500 սուպերմարկետներ:

Հանդիպումը նախաձեռնել էր ընկերությունը՝ արձագանքելով օրեր առաջ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի կողմից բարձրացված հայ արտահանող գործարարներին առնչվող խնդրին:

Հիշեցնենք, որ օրերս Երևանում մեկնարկած ԵՏՄ և ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային մարմինների համատեղ նիստի ժամանակ Ա. Շաբոյանը նշել է, որ թեև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին լուրջ ազդեցություն է թողել անդամ երկրներում տարվող մրցակցային միջավայրի բարելավման վրա, այնուամենայնիվ կան որոշակի խնդիրներ, որոնք դեռևս լուծման կարիք ունեն: Մասնավորապես, ներկայացնելով ՏՄՊՊՀ-ին դիմած մի շարք գործարարների դժգոհությունները, Ա. Շաբոյանը նշել է, որ վերջիններս ապրանքը իրացնելիս ռուսական մանրածախ առևտրի ոլորտում հանդիպում են որոշակի խնդիրների. խոշոր առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են հայ արտահանողների մուտքը: Վերջիններս հրաժարվում են ուղղակիորեն աշխատել հայկական ընկերությունների հետ և նրանց ուղղորդում են ապրանքի մատակարարման պայմանագրերը կնքել միջնորդ կազմակերպությունների հետ: Բնականաբար, միջնորդներն էլ թելադրում են իրենց պայմանները, որոնք ոչ միշտ են նպաստավոր արտահանողների համար:

Մ. Կուտատելաձեն նշել է, որ բարձրացված խնդիրները ունեն օբյեկտիվ պատճառներ: Խոշոր ընկերությունները գերադասում են աշխատել դիստրիբյուտորների միջոցով, քանի որ վերջիններս տիրապետում են ապրանքի վաճառքի հետ կապված պարտադիր կանոնակարգերին, բացի այդ հստակ գիտեն իրենց պահանջները ու ապրանքի մատակարարման գործընթացը դառնում է ավելի դյուրին: Նա հորդորել է, որպեսզի հայ գործարարները ևս տեղեկանան բոլոր պարտադիր նորմերին, ինչը կնպաստի, որպեսզի կարողանան ուղղակիորեն աշխատել մանրածախ ոլորտի խոշոր ընկերությունների հետ՝ միաժամանակ վստահեցնելով, որ ո րևէ մրցակցային խնդրի առաջ վերջինները չեն կանգնի, իսկ իրենք պատրաստ են նրանց հետ կնքելու ապրանքի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր: Բանախոսը շեշտել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է առավելագույնս ընդառաջելու հայ արտահանողներին, աշխատելու վերջիններիս հետ, մանավանդ որ հայկական մթերքները մեծ պահանջարկ ունեն ռուսական շուկայում:

ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել բոլոր խնդիրների լիարժեք լուծմանը՝ հայ արտահանողների համար ապահովելով արդար մրցակցային պայմաններ: Բացի այդ, Ա. Շաբոյանը շեշտել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար առևտրի և ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը և տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպման ժամանակ խնդիրը կներկայացնի իր գործընկերներին՝ այս ոլորտում մեր երկրների միջև գործող որոշակի օրենսդրական անհամապատասխանությունները քննարկելու նպատակով:

ՏՄՊՊՀ-ը հետևողական է խնդրի կարգավորման հարցում, այդ իսկ նպատակով առաջիկայում կնախաձեռնի նաև հանդիպում արտահանմաբ զբաղվող հայ գործարարների և ՌԴ խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս