Հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվում է սոցցանցերում

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ փորձագետները նշում են, որ հայ եւ ադրբեջանական հասարակություններում արմատավորվող ատելությունը վտանգավոր է դառնում: Փորձառու դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչի խոսքով, մթնոլորտը սրվում է հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ հիմնականում երիտասարդներն են.

«Սոցիալական ցանցերի տոնայնությունը պատերազմի է տանում: Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի երիտասարդ սերունդը միմյանց տեսել է միայն պատերազմի միջով»:

Հայ եւ ադրբեջանցի ծնողների որդի, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի դասախոս պատմաբան Միխայիլ Մամեդովի խոսքով, սոցցանցերում ատելիության աստիճանն անտանելի է դառնում.

«Երբ կարդում էի ադրբեջանցիների եւ հայերի որոշ գրառումներ Ֆեյսբուքում, ինձ ապշեցնում էր այնտեղ ատելության աստիճանը»:

Կարդացեք նաև

Մամեդովը, որը ներկայացնում էր իր հայրենակից, ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը, շեշտեց հասարակություններում՝ միմյանց նկատմամբ հանդուրժողականություն սերմանելու կարեւորությունը:

Իր գրքի համար, որում Այլիսլին պատմում է 1989 թվականին Բաքվում և 1919 թվականին Ագուլիսում հայկական ջարդերի մասին, հեղինակը հայրենի Ադրբեջանում խնդիրներ է ունեցել:

«Նա նման է Օրհամ Փամուքին ու Սալման Ռուշդիին, ովքեր նույնպես նկարագրել են սեփական ժողովուրդների հանցանքները», – պատմում է Միխայիլ Մամեդովը:

Մամեդովի խոսքով, Աքրամ Այլիսլին որոշել էր գրել «Քարե երազներ» վիպակն այն բանից հետո, երբ Ադրբեջանում ծանոթ վարսավիրի սրահում Յուրի Գագարինի նկարը փոխարինվել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովի նկարով, այսպիսով նշելով նոր սերնդի պատկերացմամբ հերոսների դարաշրջանը:

«Եթե բռնի կերպով սպանված յուրաքանչյուր հայի համար գեթ մեկ մոմ վառեինք, մոմերի լույսը Լուսնի լույսից պայծառ կլիներ», – գրել էր այդ օրերին Աքրամ Այլիսլին: Միեւնույն ժամանակ, Մամեդովն ընդգծել է, որ լավ կլիներ հայ հասարակության մեջ նույնպես լինեին Աքրամ Այլիսլիի նման գրողներ, որոնք սեր եւ հանդուրժողականություն սերմանեին ադրբեջանցիների նկատմամբ: Չէ՞ որ պատերազմի դեպքում մարդիկ սպանվում են երկու կողմից:

Տեսանյութեր

Լրահոս