PicsArt-ը 20 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել
Հայկական PicsArt հավելվածը մտադիր է ընդլայնել իր բիզնեսը Չինաստանում և Ճապոնիայում՝ DCM Ventures և Siguler Guff & Company ընկերություններից ստացած 20 մլն դոլարի ֆինանսավորման շնորհիվ։
Այս մասին գրում է TechCrunch.com-ը՝ հիշեցնելով, որ մինչ այդ ընկերությունը 45 միլիոն դոլարի վենչուրային ֆինանսավորում է ստացել Sequoia Capital Insight Venture Partners կազմակերպություններից։
Պարբերականը նշում է, որ PicsArt-ը դեռևս չի բացահայտում, թե քանի օգտատեր ունի Ասիայում, սակայն ընկերության գլխավոր մենեջեր Ուիլսոն Քրիգելը ասում է, որ այդտեղ (հատկապես Չինաստանում և Ճապոնիայում) տեսնում է օրգանական մեծ համայնք և օգտագործողների թվի աճ։
Ընկերությունը պլանավորում է տեղայնացնել ծառայությունը կոնկրետ շուկաների համար՝ ավելացնելով համապատասխան clip art-եր, տառատեսակներ և սթիքերներ։
Ճիշտ է, սմարթֆոն ունեցող ասիացիները արդեն իսկ ունեն ֆոտո խմբագրման համար նախատեսված հավելվածների մեծ ընտրություն, սակայն PicsArt-ը հույս ունի հաջողության հասնել իր օգտագործողների 75 միլիոնանոց բանակի շնորհիվ, ովքեր հավելվածի միջոցով նկարներ և ֆոտոներ են փոխանակում։ Ընկերությունն ավելացրել է նոր գործիքներ, որոնք թույլ են տալիս գտնել նույն ճաշակի տեր մարդկանց և ինտեգրել Flickr-ի ֆոտոները դեպի PicsArt: