
National Geographic-ի ապրիլյան անդրադարձը՝ Հայաստանին և Ցեղասպանությունը վերապրածներին

Ինչպես գիտենք, այս տարվա մարտ ամսին Հայաստան էր ժամանել National Geographic-ի ճանաչված լուսանկարիչներից մեկը՝ Ջոն Ստենմայերը, ով դասախոսությունների ընթացքում ներկայացրեց աշխարհի առաջատար հրատարակությունների հետ աշխատելու ու դրանց էջերում տպագրվելու իր ավելի քան 20-ամյա փորձը:
Իր գործընկեր Փոլ Սալոպեկի հետ միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած լուսանկարիչը ծավալուն հոդված է պատրաստել Հայաստանի մասին, որը տպագրվել է National Geographic-ի ապրիլյան համարում:
Հոդվածի էլեկտրոնային տարբերակում Ստեյնմայերը զետեղել է Հայաստանում արված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութը՝ 1915թ. Ցեղասպանությունը վերապրած հայ տարեցների մասին:
Հոդվածագիրը նկարագրում է, թե ինչպես ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, հազարավոր մարդիկ են այցելում Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ դնում անմար կրակի շուրջ: Հիշատակություններ կան նաև ջահերի երթի մասին: Նկարագրված է նաև, թե ինչպես են հայկական և թուրքական կողմերը բացատրում 1915թ. տեղի ունեցած կոտորածները:
Հոդվածագրերը հանդիպել են բազմաթիվ հայերի, ում պատմությունները ներառված են հոդվածում և տեսանյութում: