Սասուն Միքայելյանը բացում է փակագծերը. Ինչո՞ւ չէր խոսում ՀԱԿ-ի՝ Հրազդանի տարածքային կառույցի անդամների և իր հանդիպման մասին

Ինչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի ընտրություններից առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՀԱԿ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին` միջնորդելով ապրիլի 17-ին նշանակված Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց: Ի պատասխան` ՀԱԿ-ը հրաժարվել էր հանձնաժողովի անդամների տեղերը տրամադրել Ս. Միքայելյանի առաջադրած անձանց: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ իր հերթին՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ Սասուն Միքայելյանը հանդիպել է ՀԱԿ-ի տարածքային կառույցի ղեկավարի և անդամների հետ, ու եկել են ընդհանուր հայտարարի: «Այսօրվա դրությամբ՝ այդ խնդիրը փակ է, եթե փակ չէ, թող Սասունը բարձրաձայնի»,- ասել էր Ջհանգիրյանը:

Դեռ այն ժամանակ Սասուն Միքայելյանը հրաժարվեց որևէ ձևով անդրադառնալ այդ հարցին՝ ասելով, որ այդ մասին կխոսի ընտրություններից հետո:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը Ս. Միքայելյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, ի՞նչ էր տեղի ունեցել այն ժամանակ, և արդյոք հիմա նա կարո՞ղ է բացել փակագծերը՝ հաշվի առնելով, որ Հրազդանի ընտրություններն արդեն անցյալում են:

Ի պատասխան՝ Ս. Միքայելյանն ասաց, որ ինքը կանչել է ՀԱԿ-ի տարածքային կառույցի ղեկավարին և ասել. «Եկեք գանք մի եզրակացության, որ որոշ տեղամասերում դնենք քո մարդկանցից, որոշ տեղամասերում՝ իմ»: Ս. Միքայելյանի պատմելով՝ այն ժամանակ իրենք համաձայնության չեն եկել: «Ես հետո ընդհանրապես չեմ զբաղվել այդ հարցով, իրենք՝ տղերքի հետ միասին, ինչ-որ համագործակցել են, մի քանի տեղ մեր տղաներից են դրել: Ինչո՞ւ էի ես ասում՝ ընտրություններից հետո կպատասխանեմ, որովհետև Արամ Բարեղամյանը հայտարարել էր, որ, եթե մենք Հրազդանում թեկնածու չենք դրել, դա արդեն առավելություն է իմ համար: Ինձ համար զարմանալի է, թե իրենց թեկնածուն քանի՞ ձայն պետք է հավաքեր, կամ ո՞ւմ պետք է դնեին: Ինքը լավ քաջատեղյակ է, որ իրենց թեկնածուն այնտեղ ընդհանրապես կարող էր հավաքել 500-1000 ձայն, թե ինչ մտքով ինքը դա ասաց, կարող եք իրեն հարցնել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս