«Կային բուլկիներ սնիկերսներ, կորժիկներ…». Սասուն Միքայելյանը՝ Հրազդանի ընտրությունների մասին
«Անկանխատեսելի ոչինչ չկար, իշխանությունների կողմից կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր՝ ընտրակաշառք, մեծ ճնշումներ պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ, ոչ մի բան չի փոխվել այս ժամանակահատվածում»,- խոսելով Հրազդան քաղաքում օրերս տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին՝ այսօրվա ասուլիսում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդան քաղաքի քաղաքապետի նախկին թեկնածու Սասուն Միքայելյանը: Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքի ընտրությունների արդյունքում քաղաքապետ ընտրվեց գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանը:
Անդրադառնալով ընտրությունների հաջորդ օրը տեղի ունեցած միջադեպին՝ Ս. Միքայելյանն ասաց, որ Արամ Դանիելյանի կողմնակիցները ցանկություն են ունեցել իրենց «հայաթում» հյուրասիրել իրենց. «Մենք էթիկայի նորմերից ելնելով՝ հակահյուրասիրեցինք նրանց»:
Նա նշեց, որ իրենք պաշտպանել են իրենց քվեները, բայց դա չի նշանակում, որ դրսում ընտրակեղծիքներ չեն եղել. «Եղել է խոշոր գումարի բաժանում՝ 10-ից մինչև 50 հազար դրամ, այդ գումարը բաժանել են, որ հետո հավաքեն»:
Հարցին, թե որքանո՞վ էին տարբեր պաշտոնատար անձինք ներգրավված այս ընտրություններում՝ Ս. Միքայելյանն այսպես արձագանքեց. «Կային բուլկիներ սնիկերսներ, կորժիկներ…»:
Ս. Միքայելյանի համար անհասկանալի էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներգրավվածությունն այդ ընտրություններում. «Ես չեմ հասկանում՝ Գագիկ Ծառուկյանն ինչո՞ւ էր այդքան մարդկանց ուղարկել: Թե ուզում էին ինձ վախեցնեին, ինքը լավ գիտի՝ ես այդ կատեգորիայի մեջ չկամ: Արմեն Աշոտյանը, լինելով տեղում պատասխանատու, մի տարի առաջ ասում էր՝ Գագիկ Ծառուկյանի ծնողները պետք է պատասխան տան, որ նման ժառանգ են ունեցել, ինքը բարոյական իրավունք չուներ համագործակցել նրա հետ»:
Ս. Միքայելյանը հայտարարեց, որ ինքը չի հուսահատվել, այս անգամ պայքարելու են հենց Հրազդանում: Նա նշեց, որ իրենք երեկ որոշում են կայացրել՝ ստեղծել մի խումբ, որը Հրազդանում կվերահսկի քաղաքապետի աշխատանքները. «Մեր քաղաքում ահավոր վիճակ է, ոնց որ 19-րդ դարի վերջը լինի: 14 տարվա ընթացքում ոչ մի գործ չի արվել»: