ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրվել է 750.000 դոլար դրամաշնորհ
2015թ. փետրվարի 19-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետության 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Դրա իրականացմանն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ): Այդ նպատակով 2016 թվականի փետրվարի 5-ին ՀՀ կառավարության աշխատակազմի և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որի համաձայն՝ ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրվել է 750.000 դոլար դրամաշնորհ: Դրամաշնորհն ուղղվելու է հետևյալ երեք հիմնական նպատակներին.
- Փորձագիտական հանձնախմբի ստեղծում` հակակոռուպցիոն խորհրդին կից աշխատելու նպատակով,
- 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում,
- Շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:
Այս նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին անհրաժեշտ է 2 միջազագային փորձագետ, որոնց վարձելու համար կազմվել է համապատասխան տեխնիկական առաջադրանք: Տեխնիկական առաջադրանքը համաձայնեցվել է հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների (առողջապահություն, կրթություն և գիտություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ ծառայությունների մատուցման մասով) պետական լիազոր մարմինների և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ: 2016 թվականի ապրիլի 21-ին ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակել է «Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման նպատակով միջազգային փորձագետ վարձելու տեխնիկական առաջադրանք»-ը ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: