Բաժիններ՝

Զոհվածների ընտանիքները կներգրավվեն եկամտաստեղծ գործունեության մեջ

ՀՀ Կառավարության նախորդ նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:

Այսօր կառավարության նիստի ավարտից հետո Արծվիկ Մինասյանն ասաց, որ կարգը մշակվել է, ներքին շրջանառության մեջ է. «Նախատեսվում է հետևյալը՝ զոհվածների ընտանիքներին ներգրավել եկամտաստեղծ գործունեության մեջ: Դա նշանակում է՝ փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում նախ՝ բացահայտել կարիքները, կատարել համապատասխան ուսումնասիրություն և վերապատրաստում՝ տվյալ ընտանիքում ինչ բիզնես կամ ինչ եկամտաստեղծ գործունեության մեջ կարող են անձինք ներգրավվել, և դրան համապատասխան աջակցության սխեմա: Աջակցության սխեմաները տարբեր են լինում՝ սկսած տեխնիկական աջակցությունից՝ օրինակ, որևէ բնակավայրում մարդը որևէ գյուղատնտեսական տեխնիկայի կարիք ունի, որի առկայությունը նրան կայուն եկամուտ ստանալու հնարավորություն կտա, կամ, եթե քաղաքաբնակ անձինք են, նրանք կարիք ունեն փոքր, մշտական բիզնեսի, որպեսզի իրենց եկամուտն ապահովվի:

Յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է, որ առանձին կարիքների գնահատում և ծրագիր պետք է իրականացվի: Ի վերջո, խոսքը գնում է ոչ միայն ապրիլյան դեպքերի, այլ նաև մեր ազատամարտի ընթացքում զոհված բոլոր անձանց ընտանիքների մասին»: Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ առաջարկվող մեխանիզմներն ունենալու են անհրաժեշտ ֆինանսական ապահովվածություն: «Մենք այսօր բյուջեով կիրականացնենք որոշակի ծրագրեր, միաժամանակ բաց կպահենք նաև մասնավոր փոխանցումները»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս