«Կուզեի իմ դերը Շերոն Սթոունը խաղար». Նազիկ Ավդալյան
Նորվեգիայում ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձած Նազիկ Ավդալյանը, ում մարզական ուղին կարող է հանգիստ հոլիվուդյան ֆիլմի սցենար դառնալ, դեմ չէր լինի, որ իր մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանվեր:
Մեծ սեր ու ճանաչում վայելող ծանրորդը, ով տարիներ առաջ մայրանալու, ապա նաև ծանր ավտովթարի պատճառով ստացած վնասվածքների արդյունքում ստիպված էր գրեթե 3 տարի թողնել ծանրամարտը, մտածել միայն ողնաշարային խնդիրները լուծելու մասին, այժմ արդեն կազմ ու պատրաստ է Հայաստանը ներկայացնելու Օլիմպիական խաղերին:
«Ես իսկապես պատրաստ եմ անկեղծանալու և պատմելու, թե ինչպիսի դժվարությունների միջով եմ ստիպված եղել անցնել: Կան բաներ, որ ոչ ոք չգիտի, այդ պատճառով իսկապես դեմ չէի լինի, եթե մի օր իմ մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանվեր: Թե ում եմ տեսնում գլխավոր դերում, դժվար է ասելը: Իմ ամենասիրելի դերասաններից մեկը Շերոն Սթոունն է: Երիտասարդ տարիքում նա իրոք կարող էր կերտել իմ դերը: Ամեն դեպքում կուզենայի, որ նա լիներ: Ներկա դերասաններից դժվար է ինչ-որ մեկին նախապատմություն տալը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նազիկ Ավդալյանը` հավելելով, ո ր իր և հանրության համար իսկապես կարող է հետաքրքիր լինել մարդկային իրական պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը:
Հռիփսիմե Խուրշուդյանը դժվարացավ «Արմենպրես»-ին տալ մի դերասանուհու անուն, ում ինքը տեսնում է Նազիկ Ավդալյանի դերը հոլիվուդյան ֆիլմում կերտելիս. «Հետաքրքիր հարց է, բայց ես չեմ կարող ասել, թե ով կարող էր լինել Նազիկի դերում: Եթե իմ մասին ֆիլմ նկարահանվեր, ապա ես ինքս կուզեի իմ դերը խաղալ. ես եմ Հռիփսիմե Խուրշուդյանը, ուրիշը` չկա»:
Թե արդյո°ք արդեն իսկ գրված իրական պատմությունը բավարար չէ հոլիվուդյան ֆիլմ նկարահանելու համար, դժվար չէ պատասխան ակնկալել: Նազիկ Ավդալյանի մարդկային պատմությունը իրապես արժանի է ներկայացվելու հանրությանը որպես դժվարությունների միջով անցնելու և վերջնական հաջողություն գրանցելու հետաքրքիր ու հուզիչ ճանապարհ: