Բաժիններ՝

Ադրբեջանը և Իրանը համատեղ կարտադրեն ավտոմեքենաներ և դեղամիջոցներ

Բաքվում ադրբեջանական և իրանական ընկերությունների միջև ստորագրվելու է 4 հուշագիր համատեղ նախագծերի շրջանակում, որոնք վերաբերում են դեղամիջոցների ու ավտոմեքենաների արտադրության ոլորտներին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հետ երեկ Աստարայում կայացած հանդիպմանը, տեղեկացնում է Trend-ը:

Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ հուշագրեր են ստորագրվելու Սումգայիթի քիմիա-արդյունաբերական պարկի, Ադրբեջանի ներդրումային ընկերության, Azersun Holding-ի և իրանական Darou Pakhsh և Iran Khodro ընկերությունների միջև:

Մուստաֆաևը հայտարարել է, թե Իրանն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից է: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2016թ. առաջին եռամսյակում ավելացել է 53 տոկոսով (համեմատած 2015թ. հունվար-մարտ ամիսների հետ)՝ կազմելով 41,4 միլիոն դոլար:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ կողմերը ստորագրել են 120 փաստաթուղթ, ներառյալ՝ 40-ը տնտեսության ոլորտում:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ ներկայում Ադրբեջանում գործում է իրանական կապիտալով 439 ընկերություն:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի և համագործակցության ընդլայնման, ինչպես նաև միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի արդյունավետության բարձրացման հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս