Բաժիններ՝

Հայաստանում կգործի՞ նաև բիզնես օմբուդսմեն

Հայաստանում բիզնես շահերի պաշտպանության հստակ մեխանիզմները, որոնց նկատմամբ շահառուները կցուցաբերեին աներկբա վստահություն, դեռևս բավարար մակարդակով չեն գործում։

Այսօր բիզնես շահերի պաշտպանությամբ առավել ակտիվորեն զբաղվում են բիզնես ասոցիացիաները, միությունները և այլ հասարակական կառույցներ, որոնց հնարավորությունները խիստ սահմանափակ են, և որոնք շատ դեպքերում օժտված չեն բիզնեսի կողմից ներկայացված բողոքները քննելու, խախտված իրավունքները վերականգնելու անհրաժեշտ ներուժով։

Այդ պատճառով արդեն տևական ժամանակ զգացվում է բիզնես օմբուդսմենի ինստիտուտի անհրաժեշտությունը։

Բիզնես շահերի պաշտպանության առավել մեծ կարիք ունեն հատկապես փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք, ի տարբերություն խոշորների, չունեն համապատասխան ռեսուրսներ իրենց շահերը դատական կարգով պաշտպանելու համար։

Մինչդեռ աշխարհի բազմաթիվ երկրներում՝ իրավաօրենսդրական, դատաիրավական, վարչարարական և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր կարգավորումներից բացի, ձևավորվել են նաև ձեռնարկատիրական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հատուկ մարմիններ, որոնք օրենքի ուժով օժտված են հատուկ լիազորություններով և շահերի խախտման դեմ բերված բողոքները լուծում են արտադատական կարգով։

Թեև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության դեմ բողոքների արտադատական կարգով անվճար քննության հնարավորություն գործարարի համար այսօր առկա է հարկային և մաքսային մարմինների դեմ ներկայացվող բողոքների քննությունը, որն իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի, ինչպես նաև Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կողմից, սակայն նման հանձնաժողովների աշխատանքը սահմանափակված է կոնկրետ դեպքերի քննությամբ, որոնց պատճառներն ու հետևանքները հետագայում չեն ուսումնասիրվում, դրանք մեծամասամբ վարչական ակտերի շուրջ ծագած վեճեր են։

Ի տարբերություն այս հանձնաժողովների, գործարարների շահերի պաշտպանը, բացի իրեն ուղղված կոնկրետ բողոքների ուսումնասիրությունից, իրավասու է սկսել հարցերի քննարկում նաև սեփական նախաձեռնությամբ։ Պաշտպանը հնարավորություն է ստանում աջակցել այն գործարարներին, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց պաշտպանության իրավական միջոցները, կամ ովքեր չեն ցանկանում հանդես գալ իրենց անունից։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիան առաջարկում է ընդունել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենք։ Դրա նախագիծն արդեն մշակվել է կառավարության աշխատակազմի և ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետների հետ համատեղ։ «168 Ժամի» հետ զրույցում ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ այս օրենքի ընդունմամբ Հայաստանում ներդրվում է գործարար շահերի պաշտպանության մեխանիզմ, որի անհրաժեշտությունը բխում է բիզնես միջավայրի, միջազգային կազմակերպությունների և հասարակական հատվածի կողմից տարբեր հարթակներում բարձրաձայնված բիզնես օմբուդսմենի կարևորության մասին առաջարկություններից։

Ըստ նրա՝ կներդրվի գործարարների շահերի պաշտպանության այնպիսի ինստիտուտ, որի հիմնական գործառույթը կլինի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով ձեռներեցության ոլորտում գործարարների խախտված իրավունքների պաշտպանությունը, նրանց բողոքների արդյունավետ և անվճար քննությունը. «Իր գործունեությամբ գործարարների շահերի պաշտպանը պետք է նպաստի գործարար միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը, ինչպես նաև՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկության բարձրացմանը՝ պետություն-մասնավոր հատված մշտական երկխոսության ապահովման միջոցով,- ասում է նա` ավելացնելով,- Բիզնես օմբուդսմենի ներդրումը ՀՀ-ում ևս մեկ լուրջ խթան կլինի տնտեսության համար»։

Օրենքով նախատեսվում է նաև ձևավորել գործարարների շահերի պաշտպանության խորհուրդ, որը կազմված կլինի կառավարության 5, միջազգային ֆինանսական կազմակերպությունների 3 և գործարարների շահերը ներկայացնող 5 հասարակական կազմակերպությունների կամ հիմնադրամների ներկայացուցիչներից։ Խորհուրդը նախագահելու է ՀՀ վարչապետը։

Պաշտպանի պաշտոնում կարող է նշանակվել է 35 տարին լրացած անձ, ով ունի բարձրագույն տնտեսագիտական և/կամ իրավաբանական կրթություն, իրավական համակարգի և գործարարության բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, գործարար շրջանակներում վայելում է բարձր հեղինակություն։ Ընդ որում՝ պաշտպանի պաշտոնում չի կարող նշանակվել նախորդող 5 տարիների ընթացքում պետական և համայնքային պաշտոն զբաղեցրած անձը։ Ինչպես և ՄԻՊ-ը, գործարարների շահերի պաշտպանը պետք է հանդես գա զեկույցներով։

Նկատենք, որ կառավարությունում միանշանակ մոտեցում չկա բիզնես օմբուդսմենի հարցում։ Մեր տեղեկություններով՝ այս ինստիտուտի ստեղծմանը դեմ է Ֆինանսների նախարարությունը, որը պատճառաբանում է, թե արդեն կա Գանգատարկման հանձնաժողովը և առանձին օմբուդսմենի կարիք չկա, մինչդեռ Էկոնոմիկայի նախարարությունը կողմ է բիզնես օմբուդսմենի գոյությանը։ Թե նժարը ո՞ր կողմ կթեքվի, պարզ կլինի շուտով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս