Ռուսները չեն հավատում ռուսներին
Այսօր երեկոյան պաշտոնական այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում այցի գլխավոր թեման, ինչպես տեղեկացրել է նախարարի մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, լինելու է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը և բանակցությունները ՄԽ ձևաչափում ակտիվացնելը։ Սակայն ռուսական մամուլը, մասնավորապես, «Կոմերսանտն» ու «Նեզավիսիմայա գազետան» գրում են այն մասին, որ Լավրովը Երևան է բերում կարգավորման ռուսական ծրագիրը, որը ենթադրում է «տարածքների վերադարձ-խաղաղապահների տեղակայում» սկզբունքը։
Սակայն ռուս փորձագետները «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում խաղաղապահների տեղակայման սցենարն անիրատեսական են համարել։
«Ես էլի եմ ասել, որ չեմ պատկերացնում խաղաղապահների տեղակայման իրականացումը, երբ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություններ տարբեր տեսքով, ի դեպ, Արևմուտքի հետ առճակատման պայմաններում, իրականացնում է և՛ Սիրիայում, և՛ Ուկրաինայում, և՛ 2008թ. Վրաստանում, հիմա էլ՝ Ղարաբաղո՞ւմ։ Տարածքների դիմաց ներկայումս Ադրբեջանը գուցե համաձայնի տեղակայման, իսկ Թուրքիա՞ն։
Ռուս-թուրքական առճակատումն այսօր այն փուլում չէ, ինչ անցյալ տարվա աշնանը, սակայն լարվածությունը վերացած չէ, և դժվար է ասել՝ արդյո՞ք այս հարցում Թուրքիան կաջակցի Ադրբեջանին»,- ասել է Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն։
Իր հերթին՝ ԱՊՀ ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը ներկայացրել է հակամարտության արագ կարգավորման իր սցենարը, որը ենթադրում է Ռուսաստան-ԱՄՆ նոր պայմանավորվածություն։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա տպագիր համարում: