Արամ Մանուկյանը պարզաբանում է, թե ինչու ձախողվեց «4+4+4» ձևաչափը

Ինչպես հայտնի է, նախորդ ուրբաթ օրն Ընտրական օրենսգրքի շուրջ ընթացող «4+4+4» ֆորմատով քննարկումների հերթական նիստի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այդ ձևաչափը չկայացավ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք քաղաքացիական և քաղաքական տարբեր ուժերի հետ երկար քննարկումների արդյունքում առաջնային 5 կետ էին ընտրել: Նրանք այդ պահանջները ներկայացրեցին իշխանություններին, ու նախաձեռնեցին այդ ֆորմատը, որը պետք է ընդգրկեր հավասարապես իշխանական, ընդդիմադիր և քաղաքացիական խմբերին:

«Այդ ֆորմատը սկսեց աշխատել, մենք կոնստրուկտիվ էինք ու գտնում էինք, որ հնարավոր է հասնել արդյունքների, քանի որ դա համընկնում էր և՛ միջազգային կառույցների առաջարկներին, և՛ ԺՀՄԻԳ-ի առաջարկներին, և՛ քաղաքացիականի, և՛ դիտորդական առաքելությունների առաջարկներին: Սկզբում թվում էր, որ իշխանությունները պատրաստ են գնալու քննարկումների, և նույնիսկ նախավերջին քննարկման ժամանակ իրենք առաջարկեցին ընդդիմությանը ներկայացնել միասնական կոմպրոմիսային տարբերակ, որը կարող էր քննարկվել իշխանությունների կողմից: Մենք մեր վերջին հանդիպման ժամանակ ներկայացրեցինք գրավոր մեր նախկին 5 առաջարկներից մի փոքր զիջողությամբ կետեր, որոնք իշխանությունը պետք է դարձներ քննարկման առարկա»,- նշեց Ա. Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները բոլոր քննարկումների ընթացքում պնդում էին էլեկտրոնային գրանցման տարբերակը, և Ա. Մանուկյանի դիտարկմամբ՝ որպես լուրջ զիջողություն՝ իրենք այդ կետն էլ ընդգրկեցին մյուս առաջարկությունների հետ. «Սա այն կոմպրոմիսն էր, որ մենք առաջարկում էինք, մենք համաձայն ենք իշխանությունների համար կարևոր համարվող էլեկտրոնային գրանցմանը, իրենք ընդունում են մեր առաջարկած տարբերակները: Մենք գնացինք այդ փոխզիջումային տարբերակին, և տարօրինակ էր, որ հանդիպման ընթացքում Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ 99 տոկոսով դա քննարկելի չէ, ու մենք ստիպված էինք հայտարարել, որ այս փուլում մենք համարում են ձախողված այդ ֆորմատը, թեպետ մեր ամփոփիչ ելույթում ասացինք, որ, եթե իշխանությունը պատրաստ է մեր առաջարկությունների վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկները, մենք պատրաստ ենք քննարկել: Այս պահին իշխանության կողմից որևէ արձագանք չկա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս