Հայաստանում ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի ապահովումը կապված է նաև ընդդիմությունից. ԵԽ գլխավոր քարտուղար
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը կարևորում է Հայաստանում Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորումը՝ նշելով, որ այն կախված է նաև ընդդիմությունից: ԵԽ ԽՎ լիագումար նիստի ընթացքում, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանի հարցին, ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միշտ այն տեսակետին է եղել, որ խիստ կարևոր է կոնսենսուսի գալ այնպիսի հիմնանար խնդիրների շուրջ, ինչպիսին է Ընտրական օրենսգիրքը։
«Իհարկե, մենք հորդորել ենք Հայաստանի կառավարությանը հասնել այդպիսի կոնսենսուսի, սակայն դա կախված է նաև ընդդիմությունից։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք աջակցելու երկու կողմերին այդ գործում, որպեսզի կառավարությունը՝ մեծամասնությունը, և ընդդիմությունը իշխանության համար արդար մրցելու հնարավորություններ ունենան»,– ասել է Յագլանդը:
Եզրափակելով խոսքը՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է, որ իրենց սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է այն, որ այնպիսի հիմնարար հարցերը, ինչպիսիք են Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը, պետք է հիմնված լինեն կոնսենսուսի վրա, որում ներգրավված պետք է լինեն բոլոր կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունը: