ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարները Երևանում քննարկել են արտաքին քաղաքական գործունեության համադրման հարցեր
Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի նախագահությամբ ապրիլի 19-ին կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդատվությունները։ Նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը։
ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են ՀԱՊԿ հայեցակարգային մի շարք փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համադրման հարցեր։ Հանդիպումն անցել է հավաքական անվտանգության ապահովման ոլորտում աշխատանքների ակտիվացման փոխադարձ ձգտումն արտահայտող գործնական և կառուցողական մթնոլորտում։
Խորհրդատվությունների շրջանակներում պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը։ Երևանյան հանդիպումը կայացել է Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների որոշումների իրականացման միջոցառումների ծրագրի դրույթներին և կազմակերպությունում ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից առաջարկված, ՀՀ Նախագահ, ՀԱՊԿ ՀԱԽ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված առաջնայնություններին համապատասխան։