Պետական գնումների ոլորտում շարունակվում են բարձր գներով գնումներ իրականացվել. Արա Նռանյան
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը ներկայացրեց ՎՊ 2015թ. տարեկան հաշվետվությունը: Հարցին, թե ինչո՞ւ զեկույցը չի ներկայացնում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, Ա.Նռանյանը պարզաբանեց, որ նրա հարազատներից մեկը մահացել է, և Զաքարյանը չի կարողացել գալ ԱԺ` հանձնաժողովի նիստին:
Ըստ Ա.Նռանյանի` իրենց ուսումնասիրությունների ընթացքում պարզել են տարբեր ուշագրավ խնդիրներ, օրինակ` համայնքներից մեկում բացահայտել են, որ նպաստ ստացող մի ընտանիք ապրում է քաղաքի լավ առանձնատներից մեկում, մինչդեռ կան շատ կարիքավոր ընտանիքներ, որոնք նպաստառու չեն, որովհետև նրանց բալերը դրա համար չեն բավարարել: ՎՊ բացահայտումներում նաև զավեշտալի դեպքեր կան. Ա.Նռանյանը նշեց, որ կրթական ոլորտում ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ մի տարեց մարդ` պապիկ, որ հազիվ է տեղաշարժվում, մի քանի տեղ հասցնում է դասախոսություն կարդալ, սակայն նրա լսարանների ցանկերում կա´մ նույն մարդիկ են, կա´մ մահացածների անուններ:
Ա.Նռանյանի խոսքով` պետական գնումների ոլորտում շարունակվում են բարձր գներով գնումներ իրականացվել: Ըստ նրա` եթե սեփական կարիքների համար են ձեռք բերում տվյալ ապրանքը, սակարկում են մինչև վերջին կոպեկը, որ էժան գնեն, բայց հենց պետական միջոցով են ձեռք բերում` ամենաթանկն է լինում. «Կարող է և փաթեթը շատ ճիշտ կառուցված լինի, բայց մենք մեր համար այդ գնով չէինք գնի»: Ա.Նռանյանը նշեց, որ ցանկության դեպքում պետական մարմինները կարող են մերժել այդ թանկ առաջարկն ու նոր մրցույթ անցկացնել: