«Ազատություն Լևոն Հայրապետյանին» ակցիան մեկնարկել է
Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց ի պաշտպանություն հայ գործարար Լևոն Հայրապետյանին անցկացվող երթը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Լևոն Հայրապետյանին և փոխել նրա խափանման միջոցը։
«Ազատություն Լևոն Հայրապետյանին» վերտառությամբ պաստառներով ու կոչերով ակցիայի մասնակինցներն արդեն հասել են ՀՀ Արտգործնախարարության շենքի մոտ և պատրաստում են նամակ հանձնել նախարարությանը։ Նախատեսված է երթ դեպի ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանություն։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը հայ գործարար Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման:
Դատարանը Լևոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ:
Հայրապետյանի հարազատները, ինչպես նաև նրա փաստաբանը հայտարարել են, որ հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում կարող են սպառնալ նրա կյանքին:
Երկրորդ կարգի հաշմանդամ Հայրապետյանը 4 ինֆարկտ և 2 ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:
Հավելենք, որ Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։
Տեսանյութը և մանրամասները շուտով։