«Քաղաքացիական պայմանագիրը» չի բողոքարկելու Հրազդանի ընտրությունները. Նիկոլ Փաշինյան
«Որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ՝ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվեցին Սասուն Միքայելյանին»,-այսօր Հրազդան քաղաքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունը, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանը:
Ն. Փաշինյանը ներողություն խնդրեց այն հազարավոր քաղաքացիներից, որոնք իրենց սոցիալական վիճակից ելնելով ընտրկաշառք են վերցրել: Նա հայտարարեց, որ այս առումով իրենք ի գիտություն ենք ընդունում ընտրությունները, վերցնում են իրենց պատասխանատվությունը, իրենց առաջիկա քայլելը միտված են լինելու իրենց օգտին քվեարկած մարդկանց վստահությունը էլ ավելի ամրապնդելուն:
«Այս ընտրությունների արդյունքում Սասուն Միքայելյանի օգտին տրված որևէ քվե չի կորուսվել, սա համարում եմ «Քաղաքացաիական պայմանագիր» կուսակցության քաղաքական վստահելիության անհերքելի ապացույցը: Ինձ համար մեծ պատիվ էր Սասուն Միքայելյանի շտաբը գլխավորելը, ես սիրեցի Հրազդանը և հրազդանցիներին, այս օրերը շատ թանկ են մեզ համար»,-նշեց Ն. Փաշինյանը:
Ն. Փաշինյանի խոսքով՝ իրենց համար ակնհայտ է, որ որևէ հանրությունում հնարավոր չէ փոփոխության հասնել առանց՝ քվեարկողների մեծամասնության. «Այսօր արձանագրում ենք, որ Հրազդանի հանրության 50+1 տոկոսը մեզ նման պատվեր չի տվել, ընդունում ենք, որ դա եղել է նաև ընտրակաշառքների բաժանման և ճնշումների միջոցով, դրա համար ի գիտություն ենք ընդունում այս իրավիճակը»:
Պատգամավորը հայտարարեց, որ ինքը քաղաքացիներին չի մեղադրում, այլ որպես պատգամավոր և ՀՀ-ում քսանամյա լրագրողական և քաղաքական գործունեություն ծավալած անձ՝ ներողություն է խնդրում այն քաղաքացիներից, որոնք գտնվում են այսօր այդ իրավիճակում. «Սա, կարծում եմ, մեր ամոթն է, որովհետև Հրազդանում տեսել եմ մարդիկ, որոք նույնիսկ ամենավատ երազներում դժվար է գտնել: Հասկանալի է, որ այդ վիճակում ոչ թե քաղաքացիներին, այլ մեզ պետք է մեղադրենք, որ մեր գործունեությունը այնքան էլ արդյունավետ չի եղել: Մենք մեր բաժին պատասխանատվությունը ունենք, ու կրում ենք»:
Նա նշեց, որ իրենք չեն բողոքարկելու ընտրությունների արդյունքները, որովհետև բոլոր քվեները, որոնք եղել են քվեատուփում, պաշտպանվել են իրենց վստահված անձանց միջոցով, ոչ մի քվե չի կորուսվել. «Լցոնումներ, կրկնակի քվարկություններ չեն եղել, համենյանդեպս, այս պահին մենք նման տեղեկություն չունենք»:
Նա նաև նշեց, որ Արամ Դանիելյանը հաղթելու ոչ մի շանսեր չուներ և «ընտրակաշառք բաժանելը հենց խոսում էր դրա մասին», իսկ այն, որ «Սասուն Միքայելյանը չի բաժանել ընտրակաշառք, նշանակում է, նա ունեցել է ավելի շատ աջակիցներ»: