
Իրանը պատրաստ է ամբողջությամբ բավարարել Թուրքիայի գազի և նավթի պահանջարկը

Իրանը պատրաստ է դառնալ Թուրքիայի էներգետիկ անվտանգության երաշխավորը և ամբողջությամբ բավարարել նրա պահանջմունքներն էներգակիրների հարցում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Էներգետիկ ոլորտում մենք պայմանավորվել ենք թուրքական կողմի հետ այն մասին, որ Իրանը կարող է դառնալ Թուրքիայի էներգետիկ անվտանգության երաշխավորը ու ամբողջությամբ բավարարել նավթի և գազի նրա պահանջմունքները, մենք կարող ենք այստեղ հաջողությամբ համագործակցել: Այսօր Իրանի վրայից պատժամիջոցները հանվել են, ու մենք պատրաստ ենք երկու երկրների միջև համագործակցության՝ զարգացման տարբեր ոլորտներում ու նոր պայմաններում: Մենք պետք է փոխենք աշխատելու կարգը մեր գործարարների համար, զարգացնենք համագործակցությունը բանկային և բորսայական ոլորտներում, մենք պայմանավորվել ենք բանկերի նոր մասնաճյուղեր բացել մեր երկրներում»,- հայտարարել է Ռոուհանին:
Նա հավելել է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համագործակցել զբոսաշրջային և տրանսպորտային ոլորտներում: