«Եկել՝ վարկն էին ուզում զոհված զինծառայողի ընտանիքից». «Առավոտ»

Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված Հարություն Աբրահամյանի ընտանիքը՝ ծնողները, կինն ու 3 անչափահաս երեխաներն ապրում են Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։ Ծնողները չեն աշխատում, թոշակառու են, մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է։ Հարությունի հայրը՝ Հովհաննես Աբրահամյանը, «Առավոտի» հետ զրույցում չի ցանկանում անգամ մի բառ ասել կենցաղային վատ պայմանների մասին, արժանապատվությունը թույլ չի տալիս, հերոսի հայրը չի կարող «մանր» բաներից դժգոհել:

Հարությունի ընտանիքի մասին պատմելիս գյուղապետն անընդհատ կրկնում էր՝ «Իդեալական ընտանիք է, իդեալական մարդիկ, համեստ, պարզ, ազնիվ։ Ինչքան լավ բան կա, կարելի է վերագրել այս ընտանիքին։ Սի փոքրիկ տան մեջ են ապրում։ Չգիտեմ էլ, թե ոնց են Հարությունի 3 երեխաներին պահելու, Հարությունի կինը չի աշխատում, սոցիալապես անապահով ընտանիք է, կարելի է ասել՝ միջինից էլ ցածր վիճակում։ Ընտանիքին Հարությունն էր պահում, զոհվեց, Արիության մեդալ ստացավ, բայց թե հիմա ոնց են յոլա գնալու՝ չգիտեմ»։

Գեղարքունիքի մարզի Փոբր Մասրիկ գյուղն էլ հերոս տվեց ապրիլյան պատերազմում, ամսի 4-ին հրապարակված դարաբաղյան 4-օրյա պատերազմի զոհված զինծառայողների անունների մեջ կրտսեր սերժանտ, 27-ամյա Վրեժ Սարգսյանի անունն էլ է գրված։ Վրեժի հայրը՝ Վարդան Սարգսյանն էլ է խուսափում ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից խոսել, էլի համեստություն է անում, չի ուզում իրենց աոանձնացնել համագյուղացիներից, գյուղում գրեթե բոլորը յոլա գնալով են ապրում։ Այս ընտանիքի հիմնական եկամուտն էլ Վրեժի՝ պայմանագրային զինծաոայության դիմաց ստացած 100 հազար դրամից մի քիչ ավելի գումարն էր։ Զոհված Վրեժ Սարգսյանն ու Հարություն Աբրահամյանը մտերիմ ընկերներ են եղել:

Վրեժի ծնողներն էլ չեն աշխատում, կինն ու փոքրիկ երեխան ապրում են Վրեժի ծնողների հետ։ Փոքր Մասրիկի գյուղապետ Վարդան Մարգարյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Սարգսյանների ընտանիքը գյուղում մի փոքր հողամաս ունի, բայց այստեղ էլ բերքատվությունը շատ ցածր է. «1 հեկտարից 30 հազար դրամի օգուտ հազիվ են ունենում, անցյալ տարի էլ կարկուտ էր խփել, սաղ փչացրել»։ Վրեժի ընտանիքը պարտքեր ունի, գյուղապետն ասում է՝ «Արեգակ» վարկային կազմակերոպությունից 600 հազար դրամի վարկ են վերցրել, 85 հազար դրամ էլ ոսկու գրավի դիմաց մի հատ բանկից են վերցրել, խանութին են պարտք։ Տանը հին հեռուստացույց է դրված, սառնարան չունեն, կահույք ընդհանրապես չունեն։ Շատ ծանր է վիճակը։ էդ վարկն էլ մինչեւ 2017 թվականը պիտի մարվի։ Երեկ եկել էին էդ վարկն էին ուզում, ասել ենք՝ մարդը նեղության մեջ, եկել եք փո՞ղ եք ուզում, ասել ենք՝ չտան էդ վարկը, էս մարդուն որտեղի՜ց փող։ Պետք է մի բան արվի, որ էդ վարկն ու բանկի փողը մարվեն՝ որպես օգնություն»։

Գյուղապետից երբ տեղեկացանք պարտքերի մասին, կրկին զրուցեցինք Վրեժի հոր հետ, բայց նա կրկին հրաժարվեց խոսել պարտքերի մասին, անգամ բանկի անունը չէր հիշում, միայն ասաց՝ «Կնոջս ոսկեղենն ենք գրավ դրել, խնդիր չկա, ես չեմ դժգոհում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս