«Երկու տանկի աջակցությամբ մտանք դիրք, ազատագրեցինք այն. Մեր դիպուկահարը ոչնչացրեց խրամուղուց կրակող թշնամուն, հետո…». պատմում է փոխգնդապետ Գրիգորյանը
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակը, օգտագործելով օդուժ, ռեակտիվ հրետանի եւ ծանր զրահատեխնիկա, դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների ԼՂՀ հարավային ուղղությամբ: Տասնյակ անգամ գերազանցող հետեւակի ուժերով նա գրոհել է հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանի մարտական դիրքերը: Միավորման բարձրաստիճան սպաները, որ քառօրյա պատերազմի ժամանակ ամենաթեժ կետերում էին, պատմում են, թե ինչպես են գործել մեր ստորաբաժանումները:
«Հայ զինվորի» հետ զրույցում միավորման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վ. Գրիգորյանը պատմել է. «Հակառակորդի գերազանցող ուժերի հարվածը իրենց վրա են վերցրել նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները: Նրանք ամենավտանգավոր հատվածներում աջակցել են դիրքապահներին: Հակառակորդը զրահատեխնիկայի մեծ քանակի կիրառմամբ մարտական դիրքեր էր գրավել` յուրաքանչյուրի ուղղությամբ կենտրոնացնելով մի քանի տանկ, ՀՄՄ: Մենք խնդիր ստացանք ազատագրելու հիմնական պահող դիրքը:
Մեզ հետ էր նաեւ միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանը: Երկու տանկի աջակցությամբ մտանք դիրք, ազատագրեցինք այն: Ինչպե՞ս: Մեր դիպուկահարը ոչնչացրեց խրամուղուց կրակող թշնամուն, այնուհետեւ անձնակազմը առաջացավ եւ աջ ու ձախ ուղղություններով նռնակներ նետելով` ոչնչացրեց դիրքում հաստատված հակառակորդին: Մյուսները փախուստի դիմեցին: Բարձունքի հետեւում հակառակորդը մեծ թվով տեխնիկա է կենտրոնացրել: Երբ դրանք նորից շարժվեցին դիրքի ուղղությամբ, մենք ստիպված էինք նահանջել: Մենք նախընտրեցինք փրկել մեր տղաների կյանքը: Այժմ էլ այդ դիրքի թիկունքում մեծ քանակությամբ զրահատեխնիկա կա:
Սա իմ երկրորդ պատերազմն է: Հակառակորդը չի փոխվել, բայց պետք է արձանագրենք, որ նրա տեխնիկական միջոցները ավելացել են, գերժամանակակից են: Մեկ դիրք գրավելու համար նրանք ահռելի քանակությամբ տեխնիկա ու մարդ են կենտրոնացրել: Սա եւս մարտավարություն է: Իմ տղաների համար հրետանու, տանկերի ներգրավվածությամբ առաջին մարտական գործողությունն էր: Ինչ ասեմ`կեցցե՛ն իմ տղաները, նրանց գերակշիռ մասը երիտասարդներ են, նրանք միանգամից հարմարվեցին իրավիճակին: Իմ տղաները, ի տարբերություն հակառակորդի հատուկջոկատայինների, պատրաստ են ճակատ ճակատի կռվելու: Բոլորն էլ այս պահին դիրք են պահում, դիտակետերում են: Այսօր պետք է ավելի աչալուրջ լինենք, ավելի շատ դիտարկումներ կատարենք: Պետք է նաեւ եզրակացություններ անենք: