«Ադրբեջանական բանակը միաժամանակ 50-ից ավելի անօդաչու թռչող սարք օգտագործեց». գնդապետ Մելքումյան

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակը, օգտագործելով օդուժ, ռեակտիվ հրետանի եւ ծանր զրահատեխնիկա, դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների ԼՂՀ հարավային ուղղությամբ: Տասնյակ անգամ գերազանցող հետեւակի ուժերով նա գրոհել է հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանի մարտական դիրքերը: Միավորման բարձրաստիճան սպաները, որ քառօրյա պատերազմի ժամանակ ամենաթեժ կետերում էին, պատմում են, թե ինչպես են գործել մեր ստորաբաժանումները:

Միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանը «Հայզինվորի» հետ զրույցում ասել է. «Հակառակորդը երկու նպատակ է հետապնդել: Առաջին` հաջողություն ունենալու եւ դիմադրության չհանդիպելու դեպքում հնարավորինս առաջանալ, երկրորդ` ցուցադրել իր ռազմական ներուժը: Վստահաբար կարող ենք ասել, որ համառ դիմադրության շնորհիվ հակառակորդն իր առաջին նպատակը ձախողեց, սակայն նրան մասամբ հաջողվեց ցուցադրել իր զինանոցի հնարավորությունները: Ադրբեջանական բանակը միաժամանակ 50-ից ավելի անօդաչու թռչող սարք օգտագործեց: Օդային հետախուզության միջոցով նրանք փորձեցին վնասել զինված ուժերի ռեզերվը, փլուզել ղեկավարման համակարգը: Իհարկե, չհաջողվեց: Ղեկավարումը իրականացրել ենք առանց խափանումների եւ խնդիրների: Կապի միջոցներով ապահովել ենք անընդհատ հրահանգավորում, ինչը ամենից կարեւորն էր ստեղծված իրավիճակում: Հարավարեւելյան ուղղությամբ հակառակորդը կատարել է դասակի մխրճման խորությանը համապատասխան խնդիր, այսինքն` գրավել է օբյեկտ եւ չի կարողացել շարունակել իր մարտական առաջադրանքը:

Թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանումները միաժամանակ հարձակվել են երկու բարձունքների ուղղությամբ, այնուհետեւ առաջ են քաշել զրահատեխնիկա եւ մեկ ուղղությամբ` ձախ թեւում, հաջողություն են ունեցել: Սակայն հետագայում, հենվելով այդ բարձունքի վրա, նոր խնդիր չեն կարողացել լուծել: Այդպիսով` հակառակորդը շեղվել է առաջխաղացման պլանից: Մենք ամրացել էինք մոտակա դիրքում, որպեսզի այնուհետեւ ազատագրենք հիմնականը: Այդ դիրքում, որտեղ ես էի, ութ շարքային զինվոր կար, մեկը մյուսից խիզախ: Դիրքերի ուղղությամբ հակառակորդի 17 տանկ կար, բայց մեր զինծառայողների համառ դիմադրության շնորհիվ այդպես էլ չկարողացան առաջանալ: Միայն երեք օրվա ընթացքում մեր ուղղությամբ խոցվել է 8 տանկ, հիմնականում` Տ-90, նաեւ` ՀՄՄ: Տղաները պատրաստ էին հենց առաջնային գծում կանգնեցնելու տանկերը, պատրաստ էին  մեռնել, բայց առաջ չթողնել հակառակորդի տեխնիկան: Հրետանին հարվածում էր տանկերին, դրանք  շրջվում եւ փախչում էին իրենց կենտրոնացման շրջաններ, իսկ հակատանկայինները ֆագոտներով շարքից հանում էին:

Զինվորներիս եմ դիմում` հպարտ եմ ձեզնով, դուք ձեր խնդիրը գերազանց կատարեցիք»:

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս