«Իմ թոփալ ոտքը զինվորին ուժ ա տալիս». գնդապետ Մելքումյան
Ջեբրաիլի զինվորական հոսպիտալը լիովին ապահովված է տեխնիկայով և դեղորայքով
Ապրիլի 7-ին Հադրութի շրջան և Ջեբրայիլ՝ առաջին գիծ, մեր այցելության ընթացքում զրուցեցինք Ջեբրաիլի զինվորական հոսպիտալի պետ, վնասվածքաբան Վահան Ոսկանյանի հետ, ով, արդեն հինգ տարի է՝ Երևանից տեղափոխվել և այնտեղ է աշխատում: Հարցին, թե հոսպիտալին ի՞նչ է այսօր անհրաժեշտ՝ պատասխանեց՝ «Ոչ մի բան, ամեն ինչ ունենք»: Հատկապես այս օրերին մեծ քանակությամբ դեղորայք և անհրաժեշտ սարքավորումներ են ստացել. «Եթե նույնիսկ երեք ամիս բլոկադայի մեջ հայտնվենք՝ մեր դեղորայքը մեզ կբավականացնի»:
Շրջայց կատարեցինք հոսպիտալի տարածքում: Բոլոր պայմանները կան՝ նույնիսկ բարդագույն վիրահատությունների համար: Ի դեպ, մեր այցելության պահին Վ. Ոսկանյանի սենյակում էր նաև Հայաստանից ժամանած մի խումբ, որոնց հետ էր նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին:
Ի դեպ, Երևանից որոշ բժիշկներ այս օրերին առաջնագծում օրուգիշեր աշխատել են, օգնել են տեղի բուժանձնակազմին: Մեկ օր առաջ այնտեղ էր եղել Երևանի 6-րդ հիվանդանոցի տնօրեն, վիրաբույժ Տարոն Տոնոյանը, մեր այցելության պահին այնտեղ էր նաև «Արամյանց» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Արարատ Լևոնյանը, այլք:
Հենակետե՞րը, թե՞ զինվորների կյանքը. նրանք ընտրել են մարդկային կյանքը
Հոսպիտալում շրջելիս՝ տեղեկացանք, որ դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանը հոսպիտալում է: Նա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վիրավորվել է: Հոսպիտալի պետ Վ. Ոսկանյանը մինչ այդ ասել էր՝ Մելքումյանը ձախ նստատեղի և ձախ ազդրի միջին երրորդականի ականապայթյունային բեկորային կույր վիրավորում էր ստացել: Խնդիրը, սակայն, այն էր, որ գնդապետ Մելքումյանին մի կերպ էին պահում հոսպիտալում. ոչ դեղորայք էր ցանկանում ստանալ, ոչ պառկել, ոչ թողնում էր՝ վիրակապ փոխեն…
Նրան այցելեցինք՝ փորձելով տեղեկություններ ստանալ տեղի ունեցած մարտերի և հակառակորդի կողմից կիրառված զինատեսակների մասին: Գնդապետն աննկարագրելի քչախոս ու համեստ անձնավորություն է: Մինչ այդ զինակից ընկերները պատմել էին նրա հերոսությունների, կուռ բնավորության և մարտական պատրաստվածության, հերոսական գործողությունների մասին: Գնդապետը միայն սեղմ անդրադարձավ ադրբեջանցիների կողմից գրավված որոշ հենակետերին՝ նշելով, որ դրանք մեզ համար ստրատեգիական մեծ նշանակություն չունեին, և իր համար անհասկանալի է, թե ինչու են այստեղ՝ Հայաստանում, դրա շուրջ այդքան աղմկում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ջեբրաիլի շրջանում շատ թեժ մարտեր են տեղի ունեցել: Հակառակորդը կիրառել է «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր («Կամիկաձե») ու այլ ժամանակակից զինտեխնիկա, իսկ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որը հայկական կողմը ոչնչացրել էր: Մեր զրուցակից զինվորականները նշում էին, որ հակառակորդի նման մասշտաբի զինատեսակների կիրառումն անսպասելի էր, հատկապես, որ նրանք նման լայնամասշտաբ պատերազմական գործողությունների չէին սպասում: Եվ ավելի լավ էր այդ չօգտագործվող հենակետերը կամ բարձունքը կորցնել, քան մարդկային կորրուստների գնով դրանք ետ վերադարձնել: Հենակետե՞րը, թե՞ զինվորների՝ մարդկային կյանքը: Այս երկուսի մեջ նրանք ընտրել են մարդկային կյանքը: Թերևս, հենց դրանով ենք նաև տարբերվում հակառակորդից, որի համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի:
Գնդապետ Մելքումյանը, ով պետք է մի քանի օր բժիշկների հսկողության տակ լիներ, զինվորական կոշիկներն արագ-արագ հագնելով՝ փորձում էր դուրս նետվել սենյակից… Բուժքույրը փորձեց նրան համոզել՝ գոնե անհրաժեշտ կաթիլային ներարկումը ստանա… «Ես վիրավոր չեմ, ես չեմ կարա պառկեմ»,- ասում էր նա՝ արագ-արագ զինվորական վերնազգեստը հագնելով: Ոչինչ նրան ետ չպահեց, ոտքը կաղալով շտապեց դիրքեր՝ իր զինվորների մոտ…
Զինակից ընկերները պատմում էին, որ վիրավորվելու առաջին իսկ օրից դիմադրում էր՝ չէր թողնում բժիշկներն օգնություն ցուցաբերեին, որպեսզի գոնե ապաքինվեր վնասվածքը: «Իմ թոփալ ոտքը զինվորին ուժ ա տալիս… Զինվորը, որ դիրքերում՝ իրա կողքին, ինձ իմ էս թոփալ ոտքով տեսնում ա՝ նրա աչքին ոչինչ չի էրևում, տանկն ի՞նչ ա, որ վախենա…»,- ասել ու թեժ մարտերի ժամանակ կրկին բարձրացել էր դիրքեր:
Այսօր մենք, արդեն Երևանից, կրկին կապ հաստատեցինք հոսպիտալի պետ Վ. Ոսկանյանի հետ. նա ասաց, որ իրավիճակը խաղաղ է եղել, սակայն գնդապետ Մելքումյանին մի կերպ համոզել ու ընդամենը վիրակապ են փոխել. նա դիրքերում է՝ զինվորի կողքին:
Լուսանկարները՝ ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ