
Forbes. Ռուսաստանի ամենահարուստ գործարարը Լեոնիդ Միխելսոնն է

Ապրիլի 14-ին թողարկվել է Forbes հանդեսի մայիսյան համարը, որում ամեն տարի հրատարակվում է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը: ԻՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս տարի ցուցակը գլխավորել է «Նովատեկ»-ի հիմնական բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը՝ 14,4 մլրդ դոլար կարողությամբ:
Առաջին անգամ վարկանիշում տեղ է գտել Telegram մեսենջերի եւ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի ստեղծող Պավել Դուրովը: 600 մլն դոլար կարողությամբ նա գրավել է 135-րդ տեղը:
Միխելսոնին հաջողվել է բարձրանալ վեց դիրքով: Մեկ տարում նա կարողացել է իր կարողությունն ավելացնել 2,7 մլրդ դոլարով, եւ այժմ այն գնահատվում է 14,4 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Միխայիլ Ֆրիդմանն է (13,3 մլրդ դոլար), առաջատարների եռյակը եզրափակում է Ալիշեր Ուսմանովը՝ 12,5 մլրդ դոլար կարողությամբ:
Նաեւ առաջատարների հնգյակում տեղ են գտել Վլադիմիր Պոտանինը եւ Գենադի Տիմչենկոն, որոնց կարողությունը գնահատվում է համապատասխանաբար 12,1 մլրդ դոլար եւ 11,4 մլրդ դոլար: Ալեքսեյ Մորդաշովը, որն անցյալ տարի զբաղեցնում էր առաջին տեղը, հայտնվել է վեցերորդ դիրքում (10,9 մլրդ դոլար):
Բացի այդ, ինչպես հաղորդել է Rambler News Service-ը, 11 տարվա ընթացքում առաջին անգամ ցուցակում տեղ է գտել ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին: Նրա դրամագլուխը գնահատվում է 500 մլն դոլար, նա տեղ է զբաղեցրել 170-րդ հորիզոնականում: