«Դիմելու եմ ԵԽ պատգամավորներին՝ համաձա՞յն են, որ ԵԽԽՎ նախագահը լինի Ալիևի մամուլի խոսնակը». «ՀԺ»

Ապրիլի 18-26-ը Ստրասբուրգում սկսվելու է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում է նաեւ ապրիլի լույս 2-ի գիշերը սկսված ղարաբաղյան պատերազմը: Հարցը ապրիլի 21-ի նիստի օրակարգում երկու ձեւակերպմամբ է ներառված` «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին եւ ողբերգական էսկալացիան» եւ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան»: Առաջին ձեւակերպմամբ հարցը օրակարգ է  մտցրել ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է սպասվում եվրոպական կարեւոր այս կառույցում:

Հայկական պատվիրակությունն ի՞նչ է արել, ասացիք հարցը ֆրանսիացի պատգամավորի նախաձեռնությամբ է մտել օրակարգ:

– Մենք այս պահին չէ, որ սկսել ենք աշխատել: 4-օրյա պատերազմի առաջին օրից սկսած ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին, մարդու իրավունքների հանձնակատարին, բոլոր ազդեցիկ պատգամավորներին ամենօրյա ռեժիմով ուղարկում է անհրաժեշտ փաստաթղթերը: Մի բան կարող եմ ասել, սա ցավով եմ ասում, Ադրբեջանի զինուժի եւ վարձկանների կողմից կատարված ռազմական հանցագործությունը ապացուցող փաստերը, նկարները, ցավոք սրտի այնքան են, որ եթե միջազգային հանրությունը հերթական անգամ չփորձի երկու ձեռքով փակել իր աչքերը, այդ ամենը, դրա 1 տոկոսը անգամ բավարար էր Ադրբեջանի զինուժի կատարածը ռազմական հանցագործություն որակելու եւ Ադրբեջանին ահաբեկչական պետություն ճանաչելու համար: 1994 թվականի ղարաբաղյան պատերազմի մասնակիցները վկայում են, որ նույնիսկ այն տարիներին մեր զինվորների դիակները այսպիսի դաժան խոշտանգումների ենթարկված չեն եղել: Սա տիպիկ իսլամական ահաբեկչական պետության, ԴԱԻՇ-ի ձեռագիրն է, գլխատված մարմիններ, կտրված դաստակներ: Ինչ ընթացք կունենա քննարկումը՝ կերեւա: Ասեմ, սակայն, որ ես բարձրացնելու եմ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի պաշտոնավարման նպատակահարմարության խնդիրը, որովհետեւ այն ժամերին, երբ Թալիշում խոշտանգվում էր խաղաղ բնակչությունը, խաղաղ ընտանիքը, այդ ամենը իմանալով հանդերձ, հրաշալի տեղեկացված լինելով, թե ով է եղել նախահարձակ, ով է ռազմական հանցագործությունների հեղինակը, ԵԽԽՎ նախագահը, որ ի պաշտոնե պարտավոր է ներկայացնել ԵԽ անդամ 47 երկրների հավաքական տեսակետը, ուղղակիորեն Ալիեւի հանցագործ ռեժիմին սատարող հայտարարություն արեց: Ես դիմելու եմ ԵԽ պատգամավորներին՝ համաձա՞յն են, որ ԵԽԽՎ նախագահը լինի Ալիեւի մամուլի խոսնակը, եթե համաձայն կլինեն, ես կարծում եմ, որ մենք, որպես ԵԽ անդամ պետություն, պետք է մեր հետեւությունները անենք:

Տեսանյութեր

Լրահոս