Բաժիններ՝

ԱՄՆ-ը Մոսկվայի հետ Սիրիայի հարցով «Պլան Բ» չի քննարկել. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում ոչինչ չգիտեն «Պլան Բ»-ի մասին, որը ԱՄՆ-ը մշակել է Սիրիայում զինադադարի դադարեցման դեպքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Նրա խոսքով՝ ոչ ոք ՌԴ ԱԳՆ-ում նման պլան չի քննարկել, ու ներկայում ԱԳՆ-ն աշխատում է երկրում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդման ուղղությամբ:

Ռյաբկովը հույս ունի, որ ԱՄՆ-ը նման հավելյալ պլան չունի:
«Եթե «Պլան Բ» գոյություն ունի, որը ենթադրում է հնարավոր ուժային օպերացիաներ, ապա դա հարուցում է խորը անհանգստություն և հիասթափություն»,- ռուս դիվանագետի խոսքերը մեջբերել է Interfax-ը:

Հիշեցնենք, որ ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ը մանրամասներ է հայտնել «Պլան Բ»-ի մասին, որը մշակվել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ու Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների դաշնակիցների կողմից: Այն գործի է դրվելու այն ժամանակ, եթե Սիրիայում զինադադարը խափանվի:

Մասնավորապես, ինչպես հայտնել են թերթի աղբյուրները, դաշնակիցները մտադիր են հզոր սպառազինություններ մատակարարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող ընդդիմությանը, որը թույլ կտա հարվածներ հասցնել ավիացիային և հակառակորդի հրետանուն:

Ընդ որում՝ Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ զենքը կարող է ընկնել ահաբեկիչների ձեռքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս